Թուրքիայի խորհրդարանն ընդունել է մայրենի լեզվով դատարաններում պաշտպանվելու իրավունք ընձեռող օրինագիծը
Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանն ընդունել է մայրենի լեզվով դատարաններում պաշտպանվելու իրավունք ընձեռող օրինագիծը: Այն նախատեսում է դատարանում պաշտպանվելու համար լեզվի ինքնուրույն պաշտպանություն, մեղադրյալը դատարանում իրեն կապաշտպանի այն լեզվով, որին նա ավելի լավ է տիրապետում:
Ամբաստանյալներին թարգմանիչներ կհատկացվեն տեղական դատական կոմիտեի կողմից պատրաստված ցուցակից: Բացի այդ, այս օրինագիծը բանտարկյալներին հնարավորություն է տալիս իրենց կանանց հետ հանդիպել մասնավոր մթնոլորտում:
Այս օրինագծի օգտին Թուրքիայի խորհրդարանում քվեարկել է 238 պատգամավոր: Հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները դեմ են եղել օրինագծի ընդունմանը: Օրինագծի քննարկումը բուռն է եղել և հանգեցրել է վիճաբանության՝ ԺՀԿ-ի և քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավորների միջև:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը մի քանի հարյուր քուրդ բանտարկյալներ հացադուլ էին կազմակերպել, որը տևել էր գրեթե երկու ամիս և դադարեցվել էր այն բանից հետո, ինչ Թուրքիայի իշխանությունները համաձայնել էին կատարել մահվան շեմին հայտնված այդ անձանց պահանջները, որոնց թվում էր նաև մայրենի լեզվով դատարանում պաշտպանվելու իրավունքի ընձեռումը: