Հայրիկյանը միացավ հացադուլին
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր ծրագրային դրույթները։ Նա նշեց, որ իր ծրագիրը բաղկացած է 4 մասերից՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, արտաքին քաղականություն և ազգային արժեքներ։
«Ինձ համար առանձնապես ցավալի են ազգային արժեքների հետ կապված խնդիրները։ Մեր բոլորի աչքի առաջ անկախ Հայաստանը կոչվում է Հարավային Կովկաս»,- ասաց նա` նշելով, որ միայն Հայաստանում գործող երկաթուղին չի կոչվում «հայաստանյան երկաթուղի, այլ կոչվում է «Հարավկովասյան»։
Պարույր Հայրիկյանն անդրադարձավ նաև նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ով գտնվում է հացադուլի մեջ։ «Այստեղ գալուց առաջ հանդիպեցի Անդրիաս Ղուկասյանին և ասացի, որ այսօրվանից եռօրյա հացադուլ եմ սկսում՝ ի համերա\խություն իրեն, բայց գործերս ընդհատել չեմ կարող, իր կողքին նստել չեմ կարող։ Ես սովոր եմ ծոմապահության ընթացքում շրջագայել»,- ասաց Հայրիկյանը՝ ավելացնելով, որ 3 օր հետո կդադարեցնի հացադուլը և կփորձի Ա. Ղուկասյանին նույնպես համոզել դուրս գալ հացադուլից։