Բիձինա Իվանիշվիլին չի կասկածում, որ դեռ բազմիցս հանդիպելու է Դմիտրի Մեդվեդևի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական 43-րդ ֆորումի շրջանակներում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեվեդևի հետ ունեցած կարճատև հանդիպումը, հայտարարել է, թե չի կասկածում, որ իրենք դեռ բազմիցս հանդիպելու են.
«Հանդիպումը կարճատև էր, մենք միայն ծանոթացանք, միմյանց ձեռք սեղմեցինք և վերջ: Կոնկրետ պլաններ չկան, որ մենք հանդիպելու ենք վաղը կամ վաղը չէ մյուս օրը: Գոյություն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ռազմավարական պլան: Մենք պարտավոր ենք և մենք անելու ենք ամեն ինչ՝ դրան հասնելու համար: Հետևաբար, ես մեծապես հուսով եմ ու հավատում եմ, որ հետագայում կլինեն թե՛ հանդիպումներ, թե՛ հարաբերություններ:
Շփումները շարունակվելու են նաև այլ մակարդակով: Դեկտեմբերին Ժնևում հանդիպեցին իմ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Դա միակ, առաջին պաշտոնական հանդիպումն էր: Կարծում եմ, որ շարունակվելու են այդ հանդիպումները: Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա է որոշակի առաջընթաց»: