
ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չպետք է կառուցվի ուժի հիման վրա. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չպետք է կառուցվի աշխարհի տարբեր մասերում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ու զորքերի օգտագործմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերին, որի թեկնածությունը ԱՄՆ նոր պետքարտուղարի պաշտոնում քննարկում է Սենատը:
Հանձնաժողովի լսումների ժամանակ Քերին հայտարարել է. «Նախագահ Օբաման և այստեղ հավաքված բոլորը գիտեն, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը չի կանխորոշվում արտասահմանում ԱԹՍ-երի կամ զորքերի տեղակայմամբ: Դրա գլխավոր բաղադրատարրերն են սննդամթերքի անվտանգությունը, հումանիտար օգնությունը, հիվանդությունների դեմ պայքարը և զարգացմանն աջակցելը:
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում ես մտադիր եմ զգալի ուշադրություն հատկացնել կլիմայի փոփոխմանը, աշխարհի տարբեր մասերում՝ Ամերիկայից մինչև Աֆրիկա, ժողովրդավարությանն ու ազատություններին աջակցելուն, ինչպես նաև զբաղվել Իրանի ու Հյուսիսային Կորեայի խնդիրներով»:
Նշվում է, որ ԱՄՆ գործող պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր պաշտոնին հրաժեշտ կտա մոտ ժամանակներս: