Սաֆարյանը՝ Աշոտյանին. Րաֆֆի Հովհաննիսյանը օրենք չի խախտել

Այսօր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով «Ժառանգության» նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի բուհեր կատարած այցին` գրել էր, թե թեկնածուն քարոզչություն է իրականացրել բուհի ներսում:

«Մարդ, որ իշխանություններից ակնկալում է օրինական ընտրություններ և հավասար հնարավորություններ, ինքն է կոպտորեն խախտում օրենքները: Իրավաբանության դոկտոր, ժողովրդավարության փարոս, օրինականության ջատագով, ազնվության պատվար, և վերջապես, քաղաքական հրեշտակ թեկնածուին, մեղմ ասած` չի սազում նման գործելաոճը»,- նշել էր Ա. Աշոտյանը:

Ի պատասխան Աշոտյանի այս դիտարկմանը` «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Հակաօրինական կամ հակասահմանադրական ոչինչ տեղի չի ունեցել, որովհետև, ըստ էության, Սահմանադրությամբ` յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու, գաղափարներ տարածելու և նաև ազատ հավաքների իրավունք և ազատություն, և եթե հանրապետության կրթության նախկին նախարարի կողմից կան ինչ-որ հրամանագրեր, որոնք ակնհայտ հակասության մեջ են Սահմանադրության հետ, ապա դա չի նշանակում, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կտրականապես առաջնորդվի նախարարների հրամանագրերով, և ոչ թե սահմանադրական իրավունքով:

Պարոն Աշոտյանը, ճիշտ է նկատում` Րաֆֆի Հովհաննիսյանն իրավաբանության հրաշալի դոկտոր է, և նա շատ լավ գիտի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, հետևաբար՝ այցելելով մանկավարժական համալսարան կամ որևէ բուհ` նա ոչինչ չի խախտում»:

Կարդացեք նաև

Ս. Սաֆարյանի խոսքով` այս տարիներին չափազանց շատ են եղել ահազանգերը, որ իշխանությունն ինքն է քարոզչություն իրականացնում, ընդ որում` պարտադրելով իր տեսակետը` բուհի ռեկտորների, ուսխորհուրդների, պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով, անգամ դասագրքերի միջոցով:

«Հետևաբար, պարոն Աշոտյանի ասածը վերաբերում է իշխանություններին, բայց ոչ երբեք «Ժառանգությանը»,- ասա նա:

Իսկ 168.am-ի այն հարցին, թե այսօր Ր. Հովհաննիսյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ այցելել է բուհեր, որտեղ նրա համակիրները բաժանել են թեկնածուի նախընտրական բուկլետները, ևա արդյոք դա «Հանրակրթության մասին» օրենքի խախտում չէ՞, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ոչ: Նման բաներ չես կարող անել բանակում և ոստիկանությունում, բայց ոչ մի տեղ դուք չեք հանդիպի, որ դա չի կարելի անել կրթական հաստատությունում: Ես նորից նշեմ, որ կրթության նախկին նախարարներից մեկը որոշում էր ընդունել կրթական հաստատություններում քաղաքական միջոցառումներ չանցկացնելու մասին, բայց ոչ մի նորմ չի սահմանափակում թեկնածուին քարոզչություն անելու համար` քայլելով, շփվելով ուսանողների հետ` որևէ մեկը դա չի կարող արգելել: Իսկ ի՞նչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանը` բուհի ներսում քայլել է, ողջունել մարդկանց, և նրանց տվել իր բուկլետները: Ոչ մի օրենք դա չի արգելում»:

Տեսանյութեր

Լրահոս