Իրանցի սահմանապահներն ընթացիկ տարում կանխել են ահաբեկչական 7 խմբերի ներթափանցման փորձ
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական ընթացիկ տարվա (ավարտվում է մարտի վերջին) առաջին 10 ամիսների ընթացքում իրանցի սահմանապահները կանխել են 7 ահաբեկչական խմբերի ներթափանցումը երկրի տարածք: Այս մասին հայտարարել է Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Հոսեին Զոլֆաղարին:
Վերջինիս խոսքերով՝ վերջին գործողություններից մեկն իրականացվել է նախորդ շաբաթ, որի ժամանակ սահմանապահները ստիպված են եղել կրակ բացել ահաբեկիչների վրա, ինչից հետո պայթուցիկներով զինված ահաբեկիչները հարկադրված նահանջել են Պակիստան:
Զոլֆաղարին հավելել է, որ հաշվետու ժամանակահատվածում Իրանի սահմանապահ ոստիկանությունն առգրավել է 24 միլիոն լիտր վառելիք և մոտ 90 տոննա թմրանյութ. «Նախորդ տարվա համեմատ Սահմանապահ ոստիկանությունն այս տարի առգրավել է 69 տոկոսով ավելի շատ վառելիք, 82 տոկոսով ավելի շատ թմրանյութ և 50 տոկոսով ավելի շատ ալկոհոլային խմիչքներ»:
Հիշեցնենք, որ Իրանում վառելիքը շատ ավելի էժան է, քան հարևան երկրներում, ինչն էլ մեծապես խթանում է վառելիքի մաքսանենգությունը: Մյուս կողմից էլ Իրանը սահմանակցում է թմրանյութերի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար Աֆղանստանի հետ, որին բաժին է ընկնում համաշխարհային «սև շուկայում» հայտնված ափիոնի 90 տոկոսը: