
Հնդկաստանում բացվել է կանացի առաջին դատարանը

BBC News-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում երեկ բացվել է առաջին մասնագիտացված դատարանը, որը քննելու է կանանց դեմ կատարված հանցագործությունները: Դրանում դատավորները, ողջ անձնակազմը և պետական փաստաբանները կանայք են:
Այս նախաձեռնության հեղինակները պնդում են, որ կանացի դատարանի ստեղծման առավելությունը կայանում է կանանց դեմ իրականացված հանցագործությունների արագ քննման և գաղտնիության գործոնի մեջ, որի տակ հասկացվում է այն, որ կանացի դատարանում բռնաբարությունների ու ճնշումների զոհ դարձած կանանց համար ավելի հեշտ կլինի նկարագրել իրենց դեմ գործված հանցանքների մանրամասները: Պլանավորված է բացել ևս մի շարք կանացի դատարաններ:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերին Դելիում խմբային բռնաբարության էր ենթարկվել 23-ամյա մի ուսանողուհի, ով դրանից շաբաթներ անց մահացել էր: Այդ բռնաբարության մասին տեղեկատվությունը հուզումներ էր առաջացրել Հնդկաստանի մայրաքաղաքում, որի մասնակիցները կառավարությունից պահանջել էին միջոցներ ձեռնարկել սեռական բնույթի հանցագործությունների կրճատման ուղղությամբ և որ հանցագործները չմնան անպատիժ: