Էպոսագետը հացադուլի առողջություն չունի

«Երբ ընտրություններն ավարտվեն և իմ ասած թվերը լինեն, կպարզվի, որ մեր բնակչության 81 տոկոսը պարանոյիկ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:

Այս անգամ Վարդան Սեդրակյանի առաջին թիրախը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էր, ով Վարդան Սեդրակյանին անվանել էր պարանոյիկ: Ի հակադրությունն Ահարոն Ադիբեկյանի՝ Վ. Սեդրակյանը ցույց տվեց երեք էլեկտրոնային լրատվամիջոցների հարցումը, որտեղ ինքն էր առաջին տեղում: Վարդան Սեդրակյանն ասաց, որ սոցիոլոգն իր առաջադրման առաջին իսկ օրվանից  վիրավորել է իրեն, սակայն ինքը լռել է՝ հարգելով Ահարոն Ադիբեկյանի տարիքը:

Ահարոն Ադիբեկյանից հետո Վարդան Սեդրակյանն անցավ թեկնածուների քննադատությանը, անդրադարձավ, մասնավորապես, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին և «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին: Վարդան Սեդրակյանը նշեց, թե նախագահը քարոզարշավի առաջին օրը կարծես թե շատ համեստ սկսեց՝ փակ դահլիճում,  բայց հետո անցավ հին մեթոդներով: «Սերժ Սարգսյանը չկարողացավ ստերոտիպից դուրս գալ»,-հայտարարեց թեկնածուն:

Քննադատության ամենամեծ բաժինը Սեդրակյանը նախատեսել էր Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Նա հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը  սկսեց տիպիկ ամերիկյան ոճով, որն արհեստական  էր: «Հաշվի առնված չէ հայ մարդու խառնվածքը հատկապես վերջին 10 տարում, ով գիտի՝ ինչպես ընտրել և երբ ընտրել»,-ասաց Վարդան Սեդրակյանը։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայ կտեսնենք, թե ինչպես  է Րաֆֆի Հովհաննիսյանը վարում տրակտոր կամ ցնցուղ ընդունում: Իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրեց հիշողության կորստի և  ինքնասիրահարված լինելու մեջ:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե  Վարդան Սեդրակյանն ինչ է խոսել հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ, երբ  հանդիպել է վերջինիս: Վարդան Սեդրակյանը պատասխանեց, որ  Անդրիաս Ղուկասյանը շատ մանրամասն բացատրել է  հացադուլի դիմելու իր դրդապատճառները: «Ես իրեն ասացի, որ ծայրահեղ քայլ է կատարել: Ես ասացի, որ այս այս քայլն արդյունավետ չէ, զուտ մարդկային առումով աջակցվում եմ իրեն և խորհուրդ տվեցի դադարեցնել»,-հայտարարեց Վարդան Սեդրակյանը:

Էպոսագետ թեկնածուն հայտարարեց, որ չի պատրաստվում միանալ ոչ «Ազգային համաձայնության» նախագահ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին՝ հանել թեկնածությունը մինչև փետրվարի 8-ը, ոչ էլ անժամկետ հացադուլ հայտարարած  Անդրիաս Ղուկասյանին: Ինքն անձամբ չի միանա հացադուլին, քանի որ առողջական վիճակը չի ներում և բացի այդ՝ այդքան կամքի ուժ չունի: Ըստ Վարդան Սեդրակյանի՝ հացադուլին կմիանա Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ դրա փորձն  արդեն ունի:

Տեսանյութեր

Լրահոս