Ո՞ւր պետք է այցելի Ր. Հովհաննիսյանը՝ վարսավիրանոցից բացի
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վատ չի լինի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իր քարոզարշավի ընթացքում վարսավիրանոցներից բացի այցելի նաև ճանապարհին հանդիպող իրավաբանական խորհրդատվության գրասենյակներ»։
Աշոտյանն այնուհետև պարզաբանել է, թե ինչու է նման բան առաջարկում «Ժառանգության» ղեկավարին։
«ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 21-ին դիմել էր ՀՀ ԿԳՆ հետևյալ խնդրանքներով`
1. ակնկալում է մեր աջակցությունը և մասնակցությունը ՀՀ բուհերում և ՀՀ ԳԱԱ հիմնարկներում ուսանողների և դասախոսների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցում:
2. խնդրում է ՀՀ ԿԳՆ-ի և իր շտաբի հետ համագործակցություն այդ հանդիպումների ժամանակացույցը կազմելու համար:
Այս ամենը կարևորվել է թեկնածուի կողմից որպես օրինական և հավասար, խախտումներից և կեղծիքներից զերծ ընտրությոններ կազմակերպելու իշխանությունների հանձնառության կատարում:
Դեկտեմբերի 23-ին ես ուղարկել եմ այդ գրության պատասխանը, որից մի հատված եմ մեջբերում.
«Դուք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի N 38-Ն որոշմամբ սահմանված կարգով կարող եք դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրված ցանկերում ներառված դահլիճները և շինությունները տնօրինող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին:
Շնորհակալություն հայտնելով Ձեր գրությամբ Ձեր քարոզարշավի կազմակերպման հարցում ՀՀ ԿԳՆ-ից ակնկալվող համագործակցության, օժանդակութան և մասնակցության համար, միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը քարոզարշավին մասնակցելու հնարավորություն ընձեռված չէ:
Սա է ՀՀ կրթության և գիտության նախարարության, որպես կրթության ոլորտի պետական լիազոր մարմնի դիրքորոշումը, որը բխում է բացառապես ՀՀ Սահմանադրությունից և ՀՀ օրենքներից, և նույնական է ՀՀ 2013 թվականի նախագահական ընտրություններին գրանցված բոլոր թեկնածուների հանդեպ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության այս պատասխանը Ձեր գրությանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները պետք է անցնեն օրինական, հավասար , խախտումներից և կեղծիքներից զերծ:
Հաջողություն ենք մաղթում Ձեզ:»
Հ.Գ. Վատ չի լինի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իր քարոզարշավի ընթացքում վարսավիրանոցներից բացի այցելի նաև ճանապարհին հանդիպող իրավաբանական խորհրդատվության գրասենյակներ»,- գրել է ԿԳ նախարարը: