
Կին վարորդը վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին

Այսօր՝ հունվարի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 8:30-ի սահմաններում «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 29 ՍՏ 251 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում` ճանապարհի սառցակալման արդյունքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել հետիոտնին, այնուհետև հարվածել էլեկտրասյանը և «Լիլյա» հացատան պատին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ով կին է եղել, վրաերթի ենթարկվածի (միջին տարիքի տղամարդ) հետ տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը: Քննիչի հանձնարարականով` ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Քննիչի հանձնարականով` ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահվող տարածք: