
Բենիամին Նեթանյահուն հռչակել է Իսրայելի ապագա կառավարության 5 սկզբունքները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խոստացել է ձևավորել առավելագույն լայն իշխող կոալիցիա: Այս մասին Նեթանյահուն գրել է Facebook-ի իր էջում՝ մեկնաբանելով էքզիթ փոլերի տվյալները:
Դրանք վկայել են, որ Նեթանյահուի «Լիկուդ-Բեյտենաու» բլոկը 120-հոգանոց Քնեսեթում ստանում է 31 մանդատ, ինչը վերջին հաշվով կարող է հասնել 34-ի: Ելնելով սրանից՝ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի քաղաքացիները ցանկություն են հայտնել, որ ինքը ևս մեկ անգամ զբաղեցնի վարչապետի պաշտոնը:
Նեթանյահուն նաև հայտարարել է այն 5 սկզբունքների մասին, որոնց վրա է հենվելու ապագա կառավարության քաղաքականությունը՝ պաշտպանունակության ամրապնդում, պետական պատասխանատվություն, հավասար իրավունքներ ու պարտականություններ, ինչպես նաև գների անկում, այդ թվում նաև անշարժ գույքի: