Բաժիններ՝

93 տոկոս ընդգրկվածություն՝ ռոտավիրուսային պատվաստանյութում

Նախորդ տարվա դեկտեմբեր ամսից Հայաստանում ներդրվեց նոր պատվաստում ռոտավիրուսի դեմ: Պատվաստման ներդրման սկզբնական շրջանում ընդգրկվածությունն այս պատվաստանյութում կազմում էր մոտ 50 տոկոս, այժմ այն հասել է մոտ 93 տոկոսի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ ներդրման ժամանակ ընդգրկվածության ցուցանիշը ցածր է եղել, քանի որ մարդիկ հաճախ մտավախություն են ունենում իրենց երեխային նոր պատվաստումների տանելիս:

«Շատերը հաճախ սպասում են` մյուսներին պատվաստեն, տեսնեն` ինչպես կլինի, հետո նոր իրենց երեխաներին պատվաստումների տանեն: Այժմ բավական լավ արդյունքի ենք հասել. դա պայմանավորված է նրանով, որ պատվաստումը երեխաների կողմից հեշտությամբ է տարվում, հետպատվաստումային որևէ լուրջ խնդիր չենք ունենում, ծնողներն էլ արդեն վստահում են»,- ասաց նա:

Գայանե Սահակյանը նաև նշեց, որ պատվաստանյութը հետպատվաստումային լուրջ ռեակցիաներ չի առաջացնում. «Մեր երեխաները շատ հեշտությամբ տանում են պատվաստումը: Բուժաշխատողները նույնիսկ ասում են, որ երեխաները մեծ հաճույքով են կուլ տալիս այդ պատվաստանյութը, որովհետև նախ մրգային համ ունի, բացի այդ՝ փոքր-ինչ քաղցրահամ է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս