Էպոսագետը Վազգեն Մանուկյանի շտաբում սուրճ էր խմում ու «կարտ» էր խաղում

«Եթե հինգ տարում կարողանամ իրագործել իմ ծրագրերի գոնե 20 տոկոսը և զգամ, որ ժողովուրդն իսկապես ցանկանում է, որ ես շարունակեմ իմ գործունեությունը, ոչ թե այնպես զգամ, ինչպես 2003թ. Ռոբերտ Քոչարյանը կամ հիմա Սերժ Սարգսյանը, կառաջադրվեմ: Եթե ոչ, խոստանում եմ ձեզ, որ իմ գոյությունը ձեր վզին չեմ փաթաթի»,- ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե նախագահ դառնալու դեպքում կօգտագործի՞ արդյոք պաշտոնավորման հաջորդ ժամկետը:

Վարդան Սեդրակյանը, սակայն, համառորեն հրաժարվում է պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է անելու նախագահ չընտրվելու դեպքում, նա այդ սցենարը բացառում է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ևս լրագրողները այս հարցի պատասխանը  չկարողացան ստանալ: Նա հայտարարեց միայն, որ էլեկտրոնային քվեարկությունները ցույց են տվել, որ առաջին հորիզոնականում միշտ ինքն է հայտնվում:

Ինչ վերաբերում է նախընտրական ակտիվ քարոզարշավին, ապա Վարդան Սեդրակյանի փոխանցմամբ, ինքն այն կսկսի փետրվարի 1-ից, սակայն դա չի նշանակում, որ նա բոլոր մարզերում հանդիպումներ է ունենալու:

«Ես կնախընտրեմ երեկոյան բազկաթոռին հանգիստ նստած նայեմ, թե թեկնածուներն ինչպես են վազվզում, ինչպես է փայլուն առողջությամբ աչքի չընկող Սերժիկ Ազատի Սարգսյանը՝ կապտած  դեմքով,  ցրտին հանրահավաքներ անում և հայ ժողովուրդը, որի  նվազագույն աշխատավարձը հինգ տարվա ընթացքում 32.500 դրամից հասավ 3500 հազարի,  էլի խանդավառված և էլի կապտած դեմքերով հանրահավաքների գնում՝ փուչիկներով, ծաղիկներով… չէ, փուչիկները պետք չեն, իրենց մոտ լավ չի ստացվում, ծաղիկներով և դրոշակներով  ողջունում ազգի հորը, որն առաջիկա հինգ տարում երևի ևս 2500 դամով կբարձրացնի մինիմալ աշխատավարձի չափը»,-հայտարարեց նախագահի թեկնածուն:

Կարդացեք նաև

Թե քանի նախընտրական շտաբ կունենա Վարդան Սեդրակյանը, դա ևս դեռ պարզ չէ: Նախընտրական շտաբերն, ի դեպ, ըստ Վարդան Սեդրակյանի, ազատ ժամանցի վայր են: Օրինակ, ինքն այդպիսի գործունեություն է ծավալել 1996թ. նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբում:

«Վազգեն Մանուկյանի շտաբում ի՞նչ էինք անում՝ կարտ էինք խաղում, սուրճ էինք խմում»,- անցյալից այսպիսի դրվագներ հիշեց Վարդան Սեդրակյանը:

Տեսանյութեր

Լրահոս