Ձկների սատկելու պատճառը Հրազդան գետի շրջակայքում գտնվող զվարճանքի վայրերը կարող են լինել. Սիլվա Ադամյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 26-ին Հրազդան գետում թունավորման պատճառով ձկներ էին սատկել: ecolur.org կայքը երեկ տեղեկացրել էր, որ գետում կրկին ձկներ էին սատկել: 168.am-ի հետ զրույցում «Թռչնասերների ակումբ» հ/կ-ի նախագահ Սիլվա Ադամյանն ասաց, որ իր կարծիքով՝ ձկների սատկելու պատճառ կարող են լինել Հրազդան գետի վրա տեղադրված զվարճանքի վայրերի թափոնները.

«Ոչ մեկս չգիտենք՝ ինչ նյութերով են մշակում իրենց զվարճանքի վայրերը, ինչպիսի թափոններ են լցնում գետը: Բնապահպանության նախարարությունը և Սանէպիդ ծառայությունները պետք  է ուսումնասիրություններ կատարեն և հասկանան՝ ինչպիսի նյութերով են այդ վայրերը մշակում իրենց համապատասխան խոհանոցները: Մենք չունենք այս տվյալները: Ես չեմ կարող եզրահանգումներ անել, բայց համոզված եմ, որ դա կապված է հենց կիրճի ամբողջ շրջակայքում տարբեր օբյեկտների ներկայությամբ և գոյությամբ: գուցե կա այնպիսի բան, որին մենք տեղյակ չենք, չգիտենք՝ ով ինչ գործունեություն է ծավալել և ինչ նյութեր է դուրս բերում դեպի Հրազդան գետ: Դա կարող է  նաև ուրիշ պատճառներ ունենալ, ինֆեկցիոն ինչ-որ բան լինել»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն ահազանգ էին ստացել, որ Հրազդան գետում՝ «Գետափ» ռեստորանի հարակից տարածքում, սատկած ձկներ են հայտնաբերվել: Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները գետի տարբեր հատվածներից` «Գեղամա» և «Գետափ» ռեստորանների շրջակայքից,  ջրի նմուշառումներ էին կատարել՝ փորձաքննության ենթարկելու նպատակով: Պարզվել էր, որ ձկների սատկելու պատճառը թունավորումն է եղել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս