«Երբ իմ քաղաքից դուրս եմ գալիս, մեկ շաբաթ հետո միջիս փոքրիկ անդոները սկսում են քոր տալ»

Կամերային թատրոնի, «Կարգին սերիալի» դերասան Անդրանիկ Հարությունյանը (Անդո) հանրության ուշադրության կենտրոնում է ոչ միայն Կամերային թատրոնում խաղացած իր դերերի, այլև հեռուստատեսային տարբեր հումորային նախագծերի շնորհիվ: Հանրությունը Անդոյին ճանաչում է նաև մի շարք  հումորային ֆիլմերում, տեսահոլովակներում կերտած իր կերպարներով:

– Անդրանիկ, միշտ ժպիտը դեմքիդ է: Դա վկայում է բարձր տրամադրությանդ մասի՞ն, թե՞  աշխատանքն է պահանջում:

– Միշտ եմ ուրախ: Կարծում եմ՝ թե լավը, թե վատը շատ շուտ է վերև բարձրանում և շատ շուտ էլ վերադառնում է քեզ: Կարծում եմ, որ ժպտալը և լավ տրամադրություն հաղորդելը թե դիմացինին, թե ընտանիքիդ, թե ինքդ քեզ՝ ամեն պարագայում դրական ազդեցություն է թողնում:

– Բալիկ ունես, կարծում եմ՝ նա է քո ամենօրյա դրական լիցքերն ապահովում:

Ando nkar

– Վայ, մեռնեմ դրա ջանին: Միշտ ասում էին՝ որ  բալիկ ունենաս, նոր կիմանաս, թե դա ինչ է: Իրականում երեխան ունենալուց հետո (ես չէ, կինս) հասկացա, թե ինչ լավ բան է երեխան: Կյանքից կյանք է տալիս, ու, որ այդ կյանքն ամեն առավոտ բացում է աչքերը, նայում ես դեմքին, ու ժպտում է, դրանից առավել բան չկա այս աշխարհում: Անգամ սիրուց առավել զգացմունք է: Մի վայրկյան չես տեսնում՝ կարոտում ես:

Իսկ ինչի՞ց կարող ես տխրել:

– Տխուր լինում եմ այն ժամանակ, երբ մենակ եմ: Չեմ ցանկանում, որ դիմացինս տեսնի ինձ տխուր, իսկ իրականում տխրելու շատ պատճառներ կան: Այսօր Հայաստանում դու պետք է ապրես այնպես, որ կարողանաս հոգալ քո կարիքներն ըստ արժանվույն: Խոսքս հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին է: Մեզ մոտ դու չես կարող ապրել այնպես, ինչպես, օրինակ, ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Խոսքս ինչ-ինչ ճոխությունների մասին չէ: Կարծում եմ, որ այդքան տանջվող մարդը տարին գոնե մեկ անգամ պետք է հնարավորություն ունենա իր ընտանիքի հետ երկրից մեկնելու, որևէ հետաքրքիր վայրում մի քանի օր հանգստանալու համար:

Դրսում ընդհանրապես ապրելն ավելի լավ է, իսկ Հայաստանում քանի որ շոու-բիզնեսի տեսանկյունից շուկան փոքր է (իսկ ավելի կոնկրետ՝ չկա էլ շոու-բիզնես), մեզ մոտ ամեն բան ավելի դժվար է լինում: Ըստ դրա էլ, քո արած աշխատանքը շատ քիչ է գնահատվում, այնինչ պետք է, որ գնահատվի: Տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի: Մեր աշխատանքն իրականում շատ ծանրաբեռնված է: Ճիշտ է, հիմա արձակուրդային վիճակների մեջ եմ, բայց թատրոնում փորձերը, նկարահանումներն այնքան շատ են, որ գոնե այդքանի դիմաց քեզ այնպես պետք է վարձատրեն, որ դու քեզ այս կյանքում ապրելու համար վատ չզգաս և  կարողանաս քեզ թույլ տալ ամեն ինչ՝ չափավոր, բայց ամեն ինչ: Այնպես չէ, որ մենք չենք կարողանում, կարողանում ենք, բայց կան մարդիկ, հենց նույն շոու-բիզնեսի ներկայացուցիչներից, ովքեր նման հնարավորություն չունեն:

– Ըստ քեզ՝ հավասարություն նույն արվեստի գործիչների շրջանում կարո՞ղ է լինել:

– Ես կցանկանայի, որ պետությունը գնահատեր արվեստը: Այս վերջին շրջանում սպորտին ավելի շատ են ուշադրություն դարձնում: Մշակույթը, թատրոնը հետին պլան է մղվում:

– Ի՞նչ ես կարծում, սերիալներում խաղացող դերասանները մշակո՞ւյթ են կերտում:  Դու խաղում ես «Կարգին սերիալում» ևս:  

«Կարգին սերիալն» ինձ համար սերիալ չէ, այն հումորային նախագիծ է, որտեղ յուրաքանչյուր սերիայում մի պատմություն է ներկայացվում: Թատրոնի դերասանի համար սերիալում խաղալը նորմալ է: Բա ո՞նց ապրեն մարդիկ: Ես կուզեի, որ մեր կառավարությունն ուշադրություն դարձներ թատրոնին, դերասաններին: Կան այնպիսի որակյալ, մեծ դերասաններ, ովքեր այսօր խաղում են շատ ցածրորակ սերիալներում: Դա, ըստ իս՝ վատ է, բայց, որ այդ ամենը չլինի՝ ի՞նչ պիտի անեին: Հիմա այդ նույն սերիալների որակը գնալով լավանում է:

Ես իմ սկզբունքներին դեմ չեմ գնա և սերիալում չեմ նկարահանվի: Երևի գործերս լավ են, դրա համար եմ ասում, իսկ որ վատանա՝ կարող է նաև խաղամ: Բայց, թու,թու, թու, Աստված չանի: Կան մի քանի սերիալներ, որոնք կարելի է ուղղակի հանել եթերից: Մարդիկ սկսում են լավ նկարահանել սերիալները, հետո գնալով վատանում է: Ընթացքում մեկ էլ տեսնում ես՝ մի դերասանի «խփեցին», «մահացավ» ու գնաց ուրիշ սերիալում նկարահանվելու: Դերասաններին նորմալ չեն վարձատրում: Իրականում այս ամենը շատ թույլ է: Թատրոնի դերասանը թողնում է իր թատրոնի փորձերը, որպեսզի գնա ինչ-որ սերիալում նկարահանվի, որ վերջում վարձատրվի: Դրա պատճառով էլ դերասանը հեռանում է թատրոնից, չի հասցնում իր ընտանիքի հետ ժամանակ անցկացնել: Սերիալի դերասանի օրն անցնում է նկարահանման հրապարակում: Այդպես էլ անցնում է նրա կյանքը:

Անդոնկար3

– Հումորային  նախագծերից «32 ատամ» ակումբում էլ չես նկարահանվում: Ինչո՞ւ:

– Իրականում զբաղվածությունս է պատճառը, բացի դա՝ հետաքրքիր առաջարկներ կան, որոնց մասնակցելու եմ: Չեմ ցանկանում փակագծերը բացել, բայց շատ հետաքրքիր բաներ են հանդիսատեսին սպասվում:

– Գիտեմ, որ վերջերս եք վերադարձել ԱՄՆ-ից, ուր մեկնել էիք  համերգային շրջագայություններով: Ինչպե՞ս անցավ:

– Նախատեսված 2 համերգի փոխարեն՝ 3 համերգ ունեցանք: Ամեն ինչ շատ լավ անցավ: Ամերիկայի հանդիսատեսը մեզ բուռն ընդունեց, այնտեղի հանդիսատեսն ուրիշ է, չեմ ասի՝ լա՞վն է, թե՞ վատը, բայց այնտեղ մարդիկ ավելի կարոտած են: Նրանց մտածելակերպն էլ է ուրիշ:

Օրինապահ են, իսկ Հայաստանում չես կարող առանց օրենքը խախտելու ապրել: Կարծում եմ, որ չկա այնպիսի հայ, որ օրենք չի խախտում: Սկսած պետական այրերից՝ վերջացրած հասարակ քաղաքացիներով: Օրինակ՝ ԱՄՆ-ում կարևոր չէ, թե ղեկին ով է նստած, եթե խախտում է արել, ուրեմն՝ պետք է պատժվի: Ես մտածում եմ, որ դա հարգանքի նշան է: Իսկ մեզ մոտ նման բան չկա:

Ես գոհ եմ, ճիշտ է, շատ խախտումներ չեմ անում, բայց մեկ-մեկ պատահում է: Ավտոտեսուչն ինձ մոտենում և ասում է՝ «հարց չկա, Անդո ջան, որ դու ես, եթե կարաս՝ մի արա»: Այդ իմաստով՝ գոհ եմ շատ ավտոտեսուչներից: Մեկ-մեկ էլ կանգնեցնում, հարցնում են՝ ո՞նց եք: Անկախ ամեն ինչից, ես մեր քաղաքը շատ եմ սիրում: Երբ իմ քաղաքից դուրս եմ գալիս, մեկ շաբաթ հետո միջիս փոքրիկ անդոները սկսում են քոր տալ: Փորձում եմ ամեն ինչ անել, որ շուտ ավարտեմ աշխատանքս դրսում ու վերադառնամ իմ քաղաք: Ճիշտ է, Երևանն իր վատ կողմերն էլ ունի, բայց մեկ է՝ ես սիրում եմ իմ քաղաքը: Լավն ավելի շատ է, իսկ վատի մեջ կարող եմ նշել նույն օրենքի խախտումը:

Տեսանյութեր

Լրահոս