Բաժիններ՝

«Թուրքիայի պետական ապարատը թաքցնում է իրական հանցագործներին». թուրք լրագրող

Թուրք լրագրող Այսե Գունայսուն 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով «Ակօս» օրաթերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը, ասաց. «Պետական ապարատը կամ այն կուսակցությունը, որ իշխանության գլուխ է (դա նշանակություն չունի), թաքցնում է իրական հանցագործներին: Քրեական գործակալությունները գտնվում են պետության ներսում: Սպանության իրական հանցագործները դեռևս պատժված չեն: Խնդիրը դեռևս չի լուծվել»:

Հարցին, թե թուրք հասարակության մեջ ի՞նչ փոփոխություններ են եղել Դինքի սպանությունից հետո, Ա. Գունայսուն պատասխանեց. «Այդ իմաստով ոչինչ չի փոխվել, բայց մյուս առումով թուրք հասարակությունն արդեն ավելի զգայուն է դարձել հայերի դեմ տարվող ռասիզմի քաղաքականության հանդեպ: Իսկ Հրանտի համար արդարություն փնտրելը բարդ և հակասական գործընթաց է: Ինչպես, օրինակ, լրագրող Նեդիմ Սեները, ով բանտում էր՝ հայտնի Էրգենիկոնի գործով. նա վերջերս ազատ է արձակվել: Նեդիմ Սեներ մեկն էր նրանցից, ով կազմակերպել էր Հրանտ Դինքի «հիշատակի շաբաթ» միջոցառումների շարքը:

Շատերը բողոքում են նրա մասնակցությունից, քանի որ մի քանի տարի առաջ նա գրել էլ , թե ինչքան լավ է, որ թուրքական պետությունը լուծել է առեղծվածը: Իհարկե, այդ հոդվածից հետո նա բացատրություն էր տվել:

dink0

Մենք չենք ցանկանում փրկել Թուրքիայի դեմքը կամ ցույց տալ, թե Թուրքիան ինչ լավ պետություն է: Մենք արդարություն ենք ուզում` անկախ այն հանգամանքից, թե լա՞վ է, թե՞ վատ թուրքական պետության համար: Դուք այսօր տեսնում եք, որ կան այլախոհ թուրքեր, ովքեր հայանպաստ հայացքներ ունեն: Եվ նայելով մեր անցյալը կամ անցյալի նկարը` տեսնում ենք, որ թուրք ժողովուրդն այժմ ավելի զգայուն է և ավելի տեղյակ է ռասիզմի դեմ պայքարի մասին, որի առավել կարևոր և արդյունավետ կետերից մեկը Ցեղասպանության ժխտման հարցն է»:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:30-ին Թուրքիայի հայաշատ Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» օրաթերթի խմբագրատան մոտ հավաքվել են հազարավոր մարդիկ, ովքեր պահանջում են արդարություն 2007թ. հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի սպանության համար: Ինչպես մեր պոլսահայ ընկերներից մեկը մեզ փոխանցեց՝ բողոքի ցույցի կարգախոսը հետևյալն է. «Մենք այստեղ ենք, եղբայր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս