Ոչ մի տեղ չաշխատող թեկնածու Վարդան Սեդրակյանն ունի ամենաշատ անշարժ գույքը
Հունվարի 19-ին լրանում է ՀՀ Նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին գրանցված թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Այս պահին ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված են ՀՀ Նախագահի 8 թեկնածուներից 4-ի` ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի, անկուսակցական, էպոսագետ, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյանի հայտարարագրերը:
Դատելով դրանցից` ամենաշատ անշարժ գույք ունի Վարդան Սեդրակյանը, ամենամեծ եկամուտներ` Հրանտ Բագրատյանը, ով նաև արժեթղթեր և այլ ներդրումներ հայտարարագրած միակ թեկնածուն է: Ամենաշատ դրամական միջոցներ ունի Սերժ Սարգսյանը: Նա նաև միակն է, ով հայտարարագրել է թանկարժեք գույք: Չորս թեկնածուներն էլ ունեն մեկական ավտոմեքենա:
Այսպես` Վ.Սեդրակյանը հայտարարագրել է 1-ական բնակելի տուն և բնակարան Երևանում` համապատասխանաբար 252,4 և 132 քմ մակերեսով, 4 հողամաս` 0,716 հա ընդհանուր մակերեսով, և 1 անասնագոմ` 294,6 քմ մակերեսով Կոտայքի մարզում:
Հ.Բագրատյանն ունի 1 բնակելի տուն` 613 քմ մակերեսով և 0,07 հա կից հողամասով, 2 բնակարան` 120 և 85 քմ մակերեսով, 1 ավտոտնակ` 16,2 քմ Երևանում:
Ր.Հովհաննիսյանը` 2 բնակելի տուն Երևանում:
Ս.Սարգսյանը` 96 քմ մակերեսով շենք և շինություն Ստեփանակերտում:
Չորս թեկնածուներն էլ հայտարարագրել են մեկական ավտոմեքենա. Հ.Բագրատյանը` 2003թ.-ի արտադրության «Նիսսան X-trail», Ր. Հովհաննիսյանը` «ԳԱԶ 311000», Վ.Սեդրակյանը` 2011թ.-ի արտադրության «Միցուբիշի OUTLANDER 3.0», Ս.Սարգսյանը` 1992թ.-ի արտադրության «Միցուբիշի Մոնտերո»:
Հրանտ Բագրատյանը որպես եկամուտներ հայտարարագրել է ԱԺ պատգամավորի աշխատավարձ` 2 մլն 180 հազար 980 դրամ, Ռուս-հայկական համալսարանից ստացած 1 մլն 73 հազար 900 դրամ աշխատավարձ, Ուկրաինայի Ազգային բանկի Բանկային գործի համալսարանից` 91 հազար 439 հրիվնա աշխատավարձ, շահաբաժին «Pernod-Recard» (Ֆրանսիա)` 9 հազար 400 եվրո, վարձակալական վճար (Ասմուս Ռոտնե)` 7 մլն 342 հազար դրամ:
Ս.Սարգսյանի եկամուտները գոյացել են ՀՀ նախագահի 3 մլն 898 հազար 800 դրամ աշխատավարձից և 2 մլն 596 հազար 17 դրամ աշխատավարձին հավասարեցված վճարումներից, ինչպես նաև` «Արարատբանկ» ԲԲԸ-ին տրված փոխառությունների դիմաց ստացված 10 մլն 925 հազար 535,6 դրամ տոկոսից:
Ր. Հովհաննիսյանը և Վ.Սեդրակյանն եկամուտներ չեն հայտարարագրել:
Հ.Բագրատյանը հայտարարագրել է 65 հազար ԱՄՆ դոլարի դրամական միջոցներ, Ր.Հովհաննիսյանը` 402 հազար դրամ և 51 հազար ԱՄՆ դոլար, Վ.Սեդրակյանը` 9 մլն 900 հազար դրամ, Ս.Սարգսյանը` 108 մլն 400 հազար դրամ:
Հ.Բագրատյանն ունի «Pernod-Recard» ընկերության 0,0003 % բաժնետոմս: Մյուս երեք թեկնածուներն արժեթղթեր և այլ ներդրումներ չեն հայտարարագրել:
ՀՀ գործող Նախագահը, ով, ինչպես նշել էինք, թանկարժեք գույք հայտարարագրած միակ թեկնածուն է, ունի 18-20-րդ դարի հնաոճ իրեր (արձանիկներ, քանդակներ և այլն), կտավների հավաքածու (Խանջյան, Սարյան, Հակոբյան, Գյուրջյան, Բաշինջաղյան, Մինաս, Եր.Քոչար, Կոջոյան, Աբեղյան), նաև` ժամանակակից նկարիչների 32 կտավներ (20-րդ դար):