Տիմոշենկոն մեղադրվում է սպանության կազմակերպման մեջ
Ուկրաինայի գլխավոր դատախազությունն ավարտել է երկրի Գերագույն Ռադայի դեպուտատ Եվգենի Շերբանյայի սպանության գործով հետաքննությունը և հաստատել, որ դրանում մասնակցություն ունի նաև նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն։ Այս մասին հաղորդում է Риа-Новости-ն։
Ըստ գլխավոր դատախազության, Յուլիա Տիմոշենկոն և մեկ այլ նախկին վարչապետ՝ Պավել Լազարենկոն, Շերբանյայի սպանության համար վճարել են 2.8 միլիոն դոլար։
Այն մասին, որ Տիմոշենկոյին և Լազարենկոյին մեղադրելու են Շերբանյայի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ, վաղուց էր հայտնի։ Ուկրաինայի դատախազությունը խոստացել էր Տիմոշենկոյին մեղադրանք առաջադրել, հենց որ վերջինս առողջանա։ Ինչպես նշել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, սպանության գործով նախկին վարչապետին սպառնում է ցմահ ազատազրկում։
Եվգենի Շերբանյան սպանվել է 1996 թվականին Դոնեցկի օդանավակայանում։ Նրանից բացի սպանվել էին նրա կինն ու ևս երեք հոգի։ Շերբանյայի՝ Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկի սպանությունն այն ժամանակ պայմանավորում էին Ուկրաինայի գազային շուկայում առկա հակամարտություններով։ Սպանության անմիջական իրագործողը՝ Վադիմ Բոլոտսկիխը, 2003 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման։