ՀՅԴ-ն գիտի՝ ով ինչ աղբյուրից է ջուր խմում
«Ես բոլոր թեկնածուներին, բնականաբար, նույն հարթության մեջ չէի դնի, որովհետև նախագահական ընտրություններն այն ընտրություններն են, երբ պետք է մասնակցել՝ թիկունքում ունենալով հստակ քաղաքական թիմ, արժեքային համակարգ: Նախագահական ընտրություններն այն տեղը չեն, երբ կարելի է ձեռնածություններ անել և ինչ-որ կեցվածքներով սեփական անձը փորձել կարևորել»,- 168.am-ին ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Նրա կարծիքով, երկրում քաղաքական համակարգի չկայացվածության պարագայում օրենսդրական հստակ մեխանիզներ ամրագրելու խնդիր կա, որի լուծումը թույլ կտա ձեռնպահ մնալ այսպիսի իրավիճակներից, երբ բացի ծիծաղ շարժելուց, որևէ մեկին այն գոհունակություն չի պատճառում: «Լրջությունն ամեն դեպքում պետք չէ կորցնել»,- նկատեց Արսեն Համբարձումյանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածուների դրածո լինելու մասին շրջանառվող խոսակցություններին՝ Արսեն Համբարձումյանն ասաց, թե չի ցանկանում գնահատականներ տալ, որովհետև ամեն ինչ շատ արագ պարզ կդառնա: «Նախընթաց ընտրությունները դրա վառ վկայությունն են: Մի բան է, երբ մարդիկ բարձրաձայն բաներ են ասում կամ գոռում՝ բռնեք գողին, դեռ չի նշանակում, որ գողը ինքը չէ: Մեր նման փոքր երկրում բոլորը բոլորին ճանաչում են ու լավ գիտենք, թե ով որտեղից է գալիս ու ինչ աղբյուրից է ջուր խմում»,- նշեց Արսեն Համբարձումյանը:
Նա համոզված է, որ յուրանքանչյուր թեկնածու իր խնդիրն ունի լուծելու և որևէ մեկն ինքնանպատակ չի մասնակցում ընտրություններին, բայց ՀՅԴ-ի համար այդ մոտիվացիներն անհասկանալի են և անընդունելի:
«Եթե նախագահական ընտրությունները միջոց և հնարավորություն չեն դառնում իշխանափոխություն կամ արմատական փոփոխություններ իրականացնելու համար, այդ պարագայում մասնակցությունն ինքնանպատակ է»,- նշեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը: