Բաժիններ՝

Դեդ Հասանի մահը Տարո՞ն է պատվիրել

Այսօր «Հայելի» ակումբում Սերգեյ Գալոյանը, որը  ուսումնասիրում ու գրքեր է գրում  քրեական աշխարհի, օրենքով գողերի մասին, անդրադարձավ Դեդ Հասանի մահվանը եւ «գողական աշխարհի» հետագա զարգացումներին: Գալոյանի փոխանցմամբ՝ միջազգային լրատվամիջոցներում Դեդ Հասանի մահվան վերաբերյալ, երկու օրվա ընթացքում հրապարակվել է մոտ 18.000 նյութ` հիմնականում Ռուսաստանում:

Ըստ նրա՝ «Ասլան Ուսոյանը, նույն ինքը` Դեդ Հասանը, բավականին ճանաչված անձնավորություն էր կրիմինալ աշխարհում: Իվանկովի (Յապոնչիկ) դեմ մահափորձից հետո` 2009թ. առաջին ֆիգուր մնաց հենց նա: Նշեմ, որ հիմնականում Ռուսաստանում գործում է կրիմինալ աշխարհի  երկու թև՝ սլավոնական, որը  ղեկավարվում է Յապոնչիկի կողմից, և վրացականը, որն ուժեղացել է 88 թվականից սկսած, որը ղեկավարում է Տարիել Օնիանին (Տարո)»:

Բանախոսի փոխանցմամբ՝  2006 թվականին ռուսական կրիմինալ աշխարհում վերաբաժանումներ եղան, իսկ 2008 թվականի մայիսի 2-ին Կրասնոդարում տեղի ունեցած «սխոդկայի» ժամանակ բացահայտ հայտարարվեց, որ վրացական կողմը դուրս է գալիս սլավոնական թեւի դեմ. «Դեդ Հասանի մահից հետո պատերազմը կավարտվի, այն պատերազմը, որը սկսել էր 2006 թվականին»:

Գալոյանը կարծիք հայտնեց, թե հնարավոր է Դեդ Հասանի մահը Տարոն  պատվիրած լինի: Ւսկ այս պահի դրությամբ Դեդ Հասանի տեղի համար չորս հավակնորդ կա,  որոնցից մեկը՝ նրա հարազատներից է, ազգությամբ եզդի, բացի այդ, ըստ Գալոյանի՝ արքայի տեղը երբեք թափուր չի մնում. «Այս պահի դրությամբ հստակ ասել, թե ով կզբաղեցնի նրա տեղը չենք կարող, քանի որ դա Հայաստանի Աշտարակի, կամ Ապարանի գյուղապետի ընտրությունը չէ»: Անդրադառնալով Դեդ Հասանի կողմից հայերի համար արված գործերին՝ Գալոյանը ասաց, որ Դեդ Հասանը հայերի հետ միշտ էլ սերտ կապերի մեջ է եղել, պարբերաբար Հայաստան եկել. «Նա մասնակցել Սվոյ Ռաֆի թաղմանը եւ շատ այլ միջոցառումների:Այսօր Հայաստանում գործող հեղինակություններ, օրենքով գողեր ես չգիտեմ: Ազգությամբ հայ բոլոր գողերը հիմա գործում են Հայաստանից դուրս»:

Կարդացեք նաև

Իսկ թե ինչ է նշանակում օրենքով գող ասվածը՝ Գալոյանը մեկնաբանեց.«Օրենքով գող համարվում է այն մարդը, որը երկար ժամանակ անցնելով քրեական հիմնարկներով, հանցագործությունների բովով, ստանում է հովանավորություն ճանաչված գողերի կողմից, «սխոդկայի» ժամանակ իրեն ճանաչում են օրենքով գող: Նա 6 կանոն պետք է պահպանի, իսկ այդ կանոններն ուժի մեջ են եղել 1985-ից մինչեւ 1995 թվականները, դրանից հետո ամեն ինչ խառնվել է իրար»:

aravot.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս