Ինչպե՞ս է Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում ակտիվացնել ժողովրդին

«Հարգելով բոլորի մոտեցումները, որոշումը` մասնակցել ընտրություններին, թե ոչ, համարում եմ, որ ով, անգամ ամենաբարի ցանկությամբ, ազգային անկեղծ նվիրմամբ, որոշի փետրվարի 18-ին չմասնակցել, տանը նստել, ինքը ակամա և գործուն որոշում է այս վիճակի շարունակումը: Ով ուզում է փոփոխություն, պիտի մասնակցի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

168.am-ի հարցին`արդյոք սա ենթադրո՞ւմ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձելու է կազմակերպել մասսայական հանրահավաքներ և ժողովրդին դուրս բերել փողոց, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. «Ո´չ, անպայման դա չի ենթադրում այս փուլում: Չի բացառում, բայց և չի ենթադրում անպայման»:

«Իսկ այդ դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում ակտիվացնել քաղաքացիներին»՝ հարցրինք մենք:

«Ես ուզում եմ հավատալ, որ գոնե այս անգամ Հայաստանի քաղաքացու ընտրական պարտականության կամ իրավունքի իրացումը շրջիկ, հավաքական և ստիպողական չի լինի: Դա հավաքական միջոցառում չէ, դա քաղաքացիական միջոցառում է, և կուզեմ, որ յուրաքանչյուր քաղաքացի առանձին դուրս գա տնից, ոչ թե հավաքաբար բերվի «մարշուտկայով» կամ այլ եղանակով, և ինքը գնա իր պարտքը կատարի: Ես չեմ համարում, որ դա կլինի 100 հազարանոց հանրահավաքներով»,- ի պատասխան ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս