Բաժիններ՝

Հայաստանի Կարմիր գիրքը կներկայացվի էլեկտրոնային տարբերակով

Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտում տեղի է ունեցել ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը: Այսօր տեղի կունենա նաև  «Ծառաբույսերի ներմուծման գիտական հիմունքները Հայաստանում» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Բուսաբանական ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը:

Նշենք, որ Կարմիր գիրքը տեղեկություններ է տարածում, թե որ բույսերն ու կենդանիներն են վտանգված, որոնք են անհետացման եզրին գտնվում:

Ինչպես 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտից, սա առաջին անգամ է, որ Հայաստանի Կարմիր գիրքը ներկայանում է էլեկտրոնային տարբերակով:

Կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակը երկու լեզվով է՝ հայերեն և անգլերեն: Այն հասանելի կլինի ՀՀ բնապահպանության նախարարության կայքէջում: Բացի այդ՝ Հայաստանի Կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակը խտասկավառակի տեսքով կտրամադրվի նաև տարբեր գիտակրթական հաստատություններին և շահագրգիռ մասնագիտական գիտական կազմակերպություններին:

Նշենք, որ Հայաստանի Կարմիր գիրքը էլկտրոնային տարբերակով ներկայացվում է առաջին անգամ: 168.am-ի հարցին՝ արդյոք Կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակի ստեղծումը պայմանավորվա՞ծ է տեխնոլոգիական առաջընթացով, ՀՀ ԳԱԱ Բուսաբանական ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը պատասխանեց՝ ոչ միայն:

«Այս գիրքը բավական ծավալուն է, և այն այնքան էլ հեշտ չէր օգտագործման համար: Ուստի, որպեսզի ավելի մեծ թվով շահագրգիռ մարդիկ կարողանան օգտվել դրանից, էլեկտրոնային տարբերակի անհրաժեշտություն առաջացավ»,- ասաց Ժ.Վարդանյանը:

Ինչ վերաբերում է նրա հեղինակած՝ «Ծառաբույսերի ներմուծման գիտական հիմունքները Հայաստանում» գրքին, ապա Ժ. Վարդանյանի խոսքով՝ դա եզակի մենագրություն է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք զարգացնել Հայաստանում ծառաբույսերի կենսաբազմազանությունն ընդհանրապես, ու հասկանալ նաև, թե որ ծառատեսակներն են մեր հանրապետության համար ավելի հարմար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս