Բաժիններ՝

Գազը վաղուց էր թանկացել

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում, ապրիլի 1-ից «Գազպրոմը» Հայաստանին գազը վաճառելու է 1000 խմ-ն՝ 240 դոլարով՝ այժմյան 180 դոլարի փոխարեն:

Իրականում, գազի գինը ռուսական կողմը վաղուց է թանկացրել։ Անգամ կարելի է կոնկրետ ժամանակը նշել՝ «Գազպրոմը» Հայաստանին գազը վաճառում է 240 դոլարով նախորդ տարվա կեսից։ Սա ոչ թե պարզապես ենթադրություն է կամ, ինչպես սիրում են ասել մեր պաշտոնյաները, «պատի տակի խոսակցություն», այլ փաստ, որն արտացոլված է Պետական եկամուտների կոմիտեի Մաքսային ծառայության զեկույցներում։ Այդ մասին բազմիցս գրել ենք։

240 դոլարի մասին նշված հրապարակումը, սակայն, սխալ չէ։ Այն առումով, որ փաստացի թանկացման մասին կհայտարարվի մոտ ժամանակներս։ Ընդ որում, կհայտարարվի այնպես, որ 240 դոլարը բավականին լավ գին է, քանի որ «Գազպրոմն» ավելի թանկ գին էր ուզում սահմանել, սակայն ՀՀ իշխանությունները հերոսաբար պայքարելով՝ թույլ չեն տվել դա։ Հիշեցնենք, որ այդ «պայքարի» մասին նախորդ տարվա վերջին հայտարարել էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Ավելին, 168.am-ը նաև գրել էր, որ բանակցություններն իրականում գնում են գնային հաջորդ փուլի շուրջ՝ ի՞նչ գին է լինելու 240 դոլարից հետո։

Ամենայն հավանականությամբ, հաջորդ գինը լինելու է 330 դոլարը, որը, սակայն, կսահմանվի այս տարվա վերջին։ Հիշեցնենք նաև, որ «Իզվեստիայի» լրագրողը 2012թ. նոյեմբերի վերջին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հարցազրույցում հարցրել էր, թե ճի՞շտ են խոսակցությունները, որ ռուսական կողմը ցանկանում է Հայաստանին մատակարարվող գազի գինը հասցնել 330 դոլարի։ Այդ հարցին, ի դեպ, Տիգրան Սարգսյանը կոնկրետ պատասխան չէր տվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս