Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրավիրում է բանավեճի
Այսօր հրավիրված ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա, որպես գործող նախագահ և իր մրցակից, կյանքի կոչի այն 15 կետերը, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանը երկու անգամ ուղարկել է նրան բաց նամակի տեսքով:
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ապակուսակցականացնել բոլոր պետական կառույցները`դպրոցները, համալսարանները, հիվանդանոցները, բանակը և այլն, և հանվեն որևէ կուսակցության զինանշանները:
Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած երկրորդ կետն այն է, որ նախագահն անձնապես և հրապարակավ հանձն առնի, որ որևէ պետական պաշտոնյա, շտաբի պետ, մարզպետ, համայնքապետ, հրամանատար, ոստիկանապետ կամ անվտանգության աշխատակից, ով խախտի Ընտրական օրենսգիրքը և Սահմանադրությունը, պատասխան է տալու օրենքի առաջ` առանց խտրականության կամ կուսակցական պատկանելիության հղումների:
«Եթե ինքն ուզում է ազատ, արդար ընտրություններ, այս անգամ ցանկացած սպառնալիք, իջեցված քվոտա՝ շտաբի պետից մինչև մարզպետ, պետք է բացառվի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Երրորդը` հիմնական իմ մրցակիցը և գործող նախագահը և իրեն ենթակա պետական կառույցները պետք է իսկույն ևեթ փոխեն իրենց մոտեցումը քաղաքացիական իրավունքի նկատմամբ և առաջին հերթին զերծ մնան մեր համաքաղաքացիներին ահաբեկելուց, հետապնդելուց, նկարահանելուց:
Ի մասնավորի, գիտեք, որ մինչև Փարիզ մեկնելն ունեցել եմ կազմակերպչական, ներքին հանդիպումներ ամենատարբեր մարզերում` հանդիպելով մեր համակիրների հետ, սրճաններում, գրասենյակներում, սա հանրային քարոզարշավ չէր, բայց գրեթե առանց բացառության յուրաքանչյուր վայրում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, անվտանգության և ոստիկանության ներկայացուցիչներ ուղեկցել են ինձ, հետևել, պետական միջոցներ վատնել, և ես հիմա հայտարարում եմ, որ այս 28 օրերի ընթացքում և ընդհանրապես իմ հայրենիքում ես պետք չունեմ անվտանգության հատուկ միջոցառումների,- նշեց «Ժառանգության» առաջնորդը` ավելացնելով,- Մի խոսքով` ուզեցի այս նախընտրական վերջին ասուլիսը և նաև օգտագործել առիթը՝ իմ հիմնական մրցակից պարոն Սարգսյանին համապատասխան և հարմար պահին հրապարակավ հրավիրել բանավեճի` բացօթյա, թե հեռուստատեսությամբ»: