Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի նախագահը

Հայաստանի նախագահը պետք է լինի այնպիսին` ինչպիսին բոլոր ժողովրդավարական երկրների նախագահները. սեփական շահերը և քաղաքական խնդիրները սեփական ժողովրդի շահերին ստորադասող, իր աշխատանքին նվիրված և իհարկե, ժողովրդի վստահությունը վայելող: Սակայն նախագահի անձը կարելի է երեք հարթություններում դիտարկել. առաջին` որպես ժողովրդականություն վայելող գործիչ, երկրորդ` որպես անձ և երրորդ, որ ամենակարևորն է` պետական այր: Այս վերջինի կերպարը պետք է իր մեջ իմաստնություն պարունակի, անձնազոհություն` հանուն սեփական երկրի ու ժողովրդի և տքնաջան առօրյա` հանուն սեփական աշխատանքի արդյունավետության: Պետական այրը, սակայն, պետք է ունենա ազգային գաղափարախոսության հստակ գիտակցում և ռազմավարական մտածողություն:

Անհնար է արդյունավետ պետություն ղեկավարել` առանց ազգային գաղափարախոսության կրողը լինելու: Իսկ ազգային գաղափարախոսությունը, որ պետք է համեմված լինի պետական բաղադրիչով` գրեթե յուրաքանչյուր պետության կենսունակության ամենագլխավոր գրավականն է: ԱՄՆ-ում` ազգային գաղափարախոսությունը միջազգային առաջնությունն է,  Շվեյցարիայում` «շվեյցարականության»  պահպանումը և կապիտալի անվտանգությամբ ապահով կենսակերպ ապահովելը, Քաթարում` նավթային բարեկեցության ապահովումը և կրոնական ու քաղաքական էքսպանսիան, Կարիբյան մի շարք պետություններում ազգային գաղափարախոսությունը տուրիզմն է, իսկ Իսրայելում` հրեական պետության հարատևության ապահովումն ու հողահավաքումը: Հայաստանը, գտնվելով բարդագույն տարածաշրջանում` թերևս ամենաբարդ գաղափարախոսություններից պետք է ունենա և դրա երաշխավորն ու հիմնական կրողը պարտավոր է նախագահը լինել:

Ինչ վերաբերում է նախագահի ժողովրդականություն վայելելուն, ապա խնդիրն առավել խորն է քան վարկանշային հարցումների բարձր սանդղակ ունենալը: Իհարկե, մասսայականությունը մեծապես կապ ունի լեգիտիմության հետ, սակայն հանրային անկեղծ սիրո և հավատավոր հետևորդների ծանրակշիռ բանակի առկայությունը արդյունավետ նախագահի կարևորագույն գրավականներից մեկն է:

Hayki-nyutin

Նախագահ Օբամայի առաջին ընտրության աննախադեպ հաջողությունը, որը երիտասարդ և երկրում գրեթե բոլորին անհայտ, օրենսդիրում երկամյա սենատորից չիկագոցի համայնքային կազմակերպչին գերտերության ղեկավար դարձրեց` նրան գրեթե կրոնական հավատով նվիրված քաղաքացիների ստվար զանգվածն էր: Այդ զանգվածը ոգեշնչված էր թեկնածուի խարիզմայով, գաղափարներով և հռետորությամբ: Հենց այդ մասսայականությունն ու գերակշիռ մեծամասնությամբ հաղթանակն էին, որ նախագահին, չնայած իր քաղաքական հակառակորդների կողմից բացահայտորեն դրսևորվող ատելությանն ու ընդդիմությանը, թույլ տվեցին  հեղափոխություն կատարելու երկրի առողջապահական համակարգում, վարկավորելու կործանման դատապարտված տնտեսական գիգանտներին և նոր տիպի արտաքին քաղաքականություն սկսելու:

Եվ քանի որ խարիզման և արտաքին հմայքը նույնպես նախագահի համար կարևորագույն գործոններ են` դրանք անհանր է անտեսել: Այդ առումով նախագահը պետք է նախևառաջ ներկայանալի լինի: Անգրագետ, կիսագրագետ կամ տգետ նախագահը ամոթալի երևույթ է ոչ միայն սեփական անձի, այլև սեփական երկրի համար: Նման ղեկավարը նման է աֆրիկյան որևէ պետությունում տասնյակ հեղաշրջումներ կատարող այն բազում զինվորական հրամանատարներին, որոնք գրեթե ամեն տարի հայտնվում են տեսախցիկների առջև և հայտարարում, որ եկել են երկիրը փրկելու, առաջնորդելու, անդուդից հանելու: Դրանք ծիծաղելի կերպարներ են, որ մի քանի քաղաքական բառ և արտահայտություն են սերտել և որ հավատում են սեփական հավակնությունների հավանականությանը:

Իդի Ամինը, որ զինվորական էր, ապա Ուգանդայի առաջնորդը` այդ երկրի պատմության ամենաարյունարբու նախագահը դարձավ: Չնայած հսկա մարմնին` պատերազմներով անցած և հեղաշրջման արդյունքում իշխանության եկած պետության ղեկավարը մանկական միտք ուներ և մարդակերի ախորժակ: Ուգանդայի շարունակական դժբախտությունները նրա կառավարման ժառանգություն են:

Այդպիսի նախագահի հնարավոր թեկնածուների պակաս Հայաստանը երբեք չի ունեցել, այդպիսի քաղաքական գործիչներով հարուստ է Հայաստանը և այդ ձևչափին ինչ-որ առումով մոտ նախագահ Հայաստանն, անգամ, թերևս ունեցել է: Նախագահը պետք է գրագետ լինի, սակայն գեղեցիկ խոսքը և հռետորական ձիրքը չպետք է լինեն միայն արտաքին բնորոշումներ: Խարիզմատիկ առաջնորդի ներքին հմայքը պետք է արտացոլվի նաև նրա արտաքինում: Երկար ծխախոտն անընդհատ ձեռքին, կամ սավաննայի մաչո դիպուկահարի իմիջով, կամ էլ` երբևէ փողկապի հետ օձիքը չկոճկող, գույնզգույն շապիկներ նախընտրող առաջնորդները առավել զարգացած հասարակությունների առաջնորդների ընդունելության սրահների կուլիսներում առնվազն զարմացական և հեգնական արձագանքներ են հարուցում: Եվ դա չի կարող չանդրադառնալ նրանց ղեկավարած երկրների իմիջի, հետևաբար և շահերի վրա: Հայաստանի նախագահն, իմ պատկերացմամբ` պետք է լինի ներկայանալի, խոսել կարողանա և իր հանդեպ հարգանք հարուցի:

Իսկ ընդհանրապես` իմ խորին համոզմամբ, Հայաստանը պետք է ղեկավարի կառավարության գլուխը, և վարչապետի անձը պետք է լինի ապասրբացված: Առաջնորդի բոլոր վերոնշյալ հատկանիշներն անհրաժեշտ են երկրի այդ ղեկավարին, սակայն առաջնորդակենտրոն պետությունը, ինչպիսին էլ որ լինի այդ առաջնորդի անձը` դատապարտված է առնվազն լճացման: Որևէ ժողովրդավարություն երբևէ առաջընթաց չի արձանագրել մի կառավարման համակարգում, որտեղ երկրի գլուխն իշխանական բուրգի միահեծան տիրակալն է:

Այդ առումով` 2018-ի ընտրություններին Հայաստանի հաջորդ նախագահը … նախագահ չպետք է լինի:

Հայկ Ա. Մարտիրոսյան
http://mynews.am

Տեսանյութեր

Լրահոս