Էպոսագետը համոզված է, որ թիկնապահներն իրեն չեն փրկի, ինչպես չեն փրկել Հուլիոս Կեսարին, Աբրահամ Լինքոլնին Վազգեն Սարգսյանին
«Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ թիկնապահների դպրոցն ինչ-որ մեկին չի օգնել՝ Հուլիոս Կեսար է եղել, Աբրահամ Լինքոլն է եղել, Քենեդի է եղել, Վազգեն Սարգսյան է եղել: Այնպես որ՝ դա անիմաստ է»,- 168.am-ին ասաց ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանության հայտարարությանը, համաձայն որի՝ իրենք պատրաստ է երաշխավորել ՀՀ նախագահի թեկնածուների անվտանգությունը, իսկ նրանց դիմումի դեպքում՝ տրամադրել նաև ուղեկցող ծառայողներ:
Վարդան Սեդրակյանից հետաքրքրվեցինք՝ գուցե իշխանություններին չվստահելո՞ւ պատճառով է հրաժարվում ոստիկանության այդ ծառայությունից: Ի պատասխան, նա ասաց. «Իշխանությունների ծառայություններին չվստահելու պատճառ չունեմ, շատ վստահում եմ, ուղղակի ես մի քիչ ուրիշ պատկերացումներ ունեմ՝ մարդու կյանքի, անվտանգության հարցերը երկնքում են որոշվում»,- ասաց նախագահի թեկնածուն:
Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե նախագահի մեկ այլ թեկնածու «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը պնդում է, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչում, ուստի հնարավոր է՝ նա օգտվի ոստիկանության կողմից տրամադրվող ուղեկցող ծառայողներից, Վարդան Սեդրակյանը հեգնեց. «Ես համեստ անձնավորություն եմ, այս ընտրություններին հազիվ 1-1.5 տոկոս ձայն հավաքեմ: Ես Արամ Հարությունյանի պես ձայներ չունեմ, որ ընտրություններին որևէ մեկին խանգարեմ»: