
Հարավային Կովկասի ու Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչը տարածաշրջան կժամանի փետրվարի կեսերին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի ու Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը տարածաշրջան է այցելելու այս տարվա փետրվարի 18-19-ին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան:
Վերջինիս խոսքերով՝ Սուարեշի տարածաշրջանային այցը պետք է տեղի ունենա փետրվարի 21-22-ին կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի նախաշեմին: Մուրադովան հավելել է, որ Սուարեշի տարածաշրջանային այցը մեկնարկելու է Ադրբեջանից, ուր նա հանդիպումներ է ունենալու երկրի նախագահի, խորհրդարանի նախագահի, արտգործնախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Իր տարածաշրջանային այցից հետո Սուարեշը զեկույց է կարդալու ԵԱՀԿ ԽՎ-ի մշտական կոմիտեների նիստերում: Դա կլինի իր այս կարգավիճակում Սուարեշի առաջին տարածաշրջանային այցը:
Հիշեցնենք, որ Սուարեշը Հարավային Կովկասի ու Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2011 թվականի հուլիսի 10-ին Բելգրադում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում: