Բաժիններ՝

Թերթաքարային հեղափոխության պատճառով OPEC-ը ստիպված կլինի էականորեն կրճատել նավթի արդյունահանումը. BP

Բրիտանական The Times թերթի փոխանցմամբ՝ թերթաքարային հեղափոխությունը, որը ներկայումս միայն թափ է հավաքում բազմաթիվ երկրներում առաջիկա տասնամյակում ի վիճակի է էականորեն ազդել աշխարհում նավթ արտահանողների ուժերի ներկիայիս հավասարակշռության վրա: Այս մասին հայտարարել է բրիտանական BP (British Petroleum) ընկերության ղեկավար Ռոբերտ Դադլին:

Վերջինիս խոսքերով՝ թերթաքարային հեղափոխությունը գլխիվայր շրջելու է գոյություն ունեցող շուկայի ավանդական ըմբռնումը: Նա հավելել է, որ գնալով ավելի անհիմն է դառնում վախը, թե նավթը սպառվում է:

BP-ի զեկույցի համաձայն՝ արդեն այս տարի ԱՄՆ-ը թերթաքարի շնորհիվ առաջ է անցնելու Սաուդյան Արաբիայից ու Ռուսաստանից և դառնալու է «սև ոսկու» արդյունահանման ցուցանիշով առաջատար: Դրա արդյունքում արդեն մինչև 2015 թվականը Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) ստիպված կլինի նավթի  օրական արդյունահանումը կրճատել 6 միլիոն բարելով՝ թույլ չտալու համար գների անկում:

Էր-Ռիադին անհրաժեշտ է մեկ բարել նավթի գինը պահել 100 դոլարի վրա, սակայն BP-ի վերլուծաբանները կարծում են, որ մինչև այս տասնամյակի վերջ մեկ բարել նավթի միջին գինը նվազելու է մինչև 80 դոլարի: Դրա հետ մեկտեղ BP-ի վերլուծաբանները գտնում են, որ մինչև 2030 թվականը Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը վերստին վերադարձնելու են նավթի արդյունահանման ծավալի հարցում իրենց առաջատարությունը:

Դա կապված է լինելու թերթաքարային նավթի արդյունահանման աճի ակնկալվող դանդաղեցման և գլոբալ պահանջարկի բարձրացման հետ: Սակայն այդ ընթացքում ամերիկացիներն արդեն իսկ կարող են գրեթե 100 տոկոսով իրենց ապահովել սեփական էներգակիրներով և հրաժարվել «սև ոսկու» ներկրումից: Ակնկալվում է, որ մինչև 2020 թվականն ԱՄՆ-ում օրական արդյունահանվելու է ավելի քան 6 միլիոն բարել թերթաքարային նավթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս