Դեռ ծանոթանում են Խաչիկյանի գործին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց արդեն հայտնել են նախաքննության ավարտի մասին և իրենց տրամադրել են քրեական գործի նյութերի պատճենները: Նա նաև նշեց, որ ընդամենը երկու օր է, որ իրենց տրամադրել են նյութերի պատճենները: «Հիմա գործը ծանոթացման փուլում է, որից հետո օրենքով սահմանված կարգով` կա’մ միջնորդություններ կլինեն մեր կողմից, կա’մ չեն լինի, կընթանա քննարկում, և գործը կուղարկենք դատարան» ,- ասաց Ժ. Վարոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է 2012թ. սեպտեմբերի 28-ին, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից յուրացում և վատնում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական կեղծիք, նախատեսված արարք կատարելու համար:
Խոսքը պետական բյուջեից 240 միլիոն 680 հազար 984 դրամ (ավելի քան 600.000 դոլար) հափշտակելու և յուրացնելու մասին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս