
ԲՀԿ քարոզչական զենքը. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով, ԲՀԿ-ն համայնքների մեծ մասից հավաքել է անցած տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ բաժանած տրակտորները։ Ընդհանրապես ԲՀԿ-ն այդ նախընտրական տրակտորները քարոզչության էր «գործուղում» հիմնականում այն համայնքներ, որտեղ թեկնածու էր առաջադրում։
Ավելի շուտ ԲՀԿ-ն այդ տրակտորները ներկայացնում էր որպես բարեգործություն, նվիրատվություն համայնքներին։ Խորհրդարանական ընտրություններից հետո այդ տրակտորները «մասնակցեցին» աշնանային ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին և մեծ մասամբ նորից ետ տարվեցին։
Առաջիկայում սպասվում են միայն ՀՀ նախագահի և Երևանի քաղաքապետի ընտրությունները։ Հայտնի է, որ ԲՀԿ-ն նախագահի թեկնածու չի առաջադրել և չի պաշտպանելու որևէ թեկնածուի։ Այսինքն՝ այս ընտրություններում տրակտորների քարոզչական աջակցության կարիք չկա։ Երևանի քաղաքապետի ընտրություններին էլ գյուղատնտեսական տրակտորների քարոզչական առաքելությունը նշանակություն չի ունենա, որովհետև ՀՀ մայրաքաղաքում հողագործությամբ զբաղվող տնտեսություն չկա»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։