Վճարովի եթերաժամի ամենաբարձր սակագինը սահմանել է «Շանթ»-ը
Հայաստանի երկու տասնյակ հեռուստաընկերությունների կողմից ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին գրանցված թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տրամադրվող վճարովի եթերաժամի ամենաբարձր սակագինը սահմանել է «Շանթ»-ը` 1 րոպեի համար 120 հազար դրամ, ներառյալ ԱԱՀ-ն:
Հունվարի 21-ից մինչև փետրվարի 16-ն այս հեռուստաընկերությունը յուրաքանչյուր օր ժամը 18-ից 19-ը պատրաստ է եթեր տրամադրել Նախագահի թեկնածուներին: Ընդ որում` յուրաքանչյուր թեկնածուին նախընտրական քարոզչության համար տրամադրվող մեկ օրվա առավելագույն ժամանակը սահմանված է 7 րոպե: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
ԿԸՀ պաշտոնական կայքէջում տեղադրված նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի սակագներից պարզ է դառնում, որ մայրաքաղաքում գործող հեռուստաընկերություններից ամենացածր սակագինն առաջարկում է «Երևան»-ը` 1 րոպեի համար 15 հազար դրամ: Քարոզարշավի յուրաքանչյուր օր նախընտրական քարոզչության համար կհատկացվի ժամը 20.30-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածը: Յուրաքանչյուր թեկնածուին մեկ օրվա ընթացքում կտրամադրվի առավելագույնը 10 րոպե ժամանակ:
Մնացած հեռուստաընկերությունները 1 րոպեի համար սահմանել են հետևյալ սակագները. «Արմենիա»` 110 հազար դրամ, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը` 80 հազար դրամ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը` երեկոյան ժամերին և կիրակի օրերին` 60 հազար դրամ, իսկ մյուս ժամերին` 30 հազար դրամ, «Կենտրոն»-ը` 32 հազար 400 դրամ «Երկիր Մեդիա»-ն` 30 հազար դրամ, «Ա-ԹիՎի»-ն` 24 հազար դրամ, «Ար»-ը` 20 հազար դրամ, «ԱրմՆյուզ»-ը` 18 հազար դրամ:
Մարզային հեռուստաընկերություններից ամենաբարձր սակագինն առաջարկում է Գյուրիի «Շանթ»-ը` 15 հազար դրամ, իսկ ամենացածրը` Ալավերդիում գործող «Անկյուն+3»-ը` ժամը 16.30-ից 18-ը 1 րոպեի համար 1 300 դրամ, ժամը 18.30-ից 23-ը` 1 750 դրամ:
Գործող ռադիոընկերություններից նախընտրական քարոզչության համար վճարովի եթերաժամ կտրամադրեն միայն երեքը` Հայաստանի Հանրային ռադիոընկերությունը, «Ռադիո 107 FM»-ը և «Շանթ»-ը: Վերջին երկուսի սփռման տարածքը համապատասխանաբար Երևանն ու Գյումրին են:
Հայաստանի Հանրային ռադիոընկերությունը պատրաստ է վճարովի եթերաժամ տրամադրել առանց ժամանակային սահմանափակումների` 1 րոպեի համար 3 600 դրամ սակագնով:
«Ռադիո 107 FM»-ը նախընտրական քարոզչության համար կտրամադրի ժամը 19.00-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածը` յուրաքանչյուր թեկնածուին մեկ օրվա ընթացքում առավելագույնը 7 րոպե ժամանակ:
«Շանթ» ռադիոընկերությունը վճարովի եթերաժամ կտրամադրի ժամը 14.00-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր թեկնածուին մեկ օրվա ընթացքում առավելագույնը 14 րոպե ժամանակ: