Բաժիններ՝

Համացանցում է հայտնվել ռազմական ծախսերը մեծացնելու վերաբերյալ Վրաստանի նոր կառավարության պլանը

Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ համացանցում է հայտնվել ռազմական ծախսերը մեծացնելու վերաբերյալ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած նոր կառավարության պլանը: Այն համացանցում տեղադրել է scout-thedeaddistrict.blogspot.ru բլոգի հեղինակը:

Դրանում նշված է, որ նոր կառավարությունը մտադիր է մինչև 2016 թվականը մեծացնել ռազմական ծախսերը, ինչպես նաև 2013 թվականին ավելացնել Պաշտպանության նախարարության «Դելտա» գիտա-տեխնիկական կենտրոնի ֆինանսավորումը, որը հանդիսանում է վրացական ռազմական արդյունաբերության հիմնական միավորումը:

2012 թվականի դեկտեմբերի 20-ին Վրաստանի խորհրդարանի կողմից հաստատված Վրաստանի 2013 թվականի պաշտպանական բյուջեով նախատեսվում է այս տարի «Դելտային» հատկացնել 41.4 միլիոն լարի (27.1 միլիոն դոլար), ինչը 9.7 միլիոն լարիով (6.3 միլիոն դոլար) ավելին է՝ համեմատած 2012 թվականի հետ (31.7 միլիոն լարի):

2013 թվականի բյուջեում Վրաստանի պաշտպանության նախարարության ընդհանուր ծախսերը կազմելու են 660 միլիոն լարի (432.3 միլիոն դոլար), ինչը 30 միլիոն լարիով (19.65 միլիոն դոլար) ավելի պակաս է, քան պահանջում էր Իվանիշվիլիի կառավարությունը:

2012 թվականի (Սաակաշվիլիի գլխավորությամբ ընդունված) բյուջեում Վրաստանի պաշտպանության նախարարության ծախսերը կազմել են 677 միլիոն լարի (443.4 միլիոն դոլար): Չնայած դրան՝ 2012 վականին փաստացիորեն ծախսվել է 730.6 միլիոն լարի (478.5 միլիոն դոլար):

Վրաստանի նոր կառավարությունը նախատեսել է 2014 թվականին Պաշտպանության նախարարության ծախսերը հասցնել մինչև 700 միլիոն լարիի (458.5 միլիոն դոլար), 2015 թվականին՝ մինչև 750 միլիոն լարիի (491.2 միլիոն դոլար) և 2016 թվականին՝ մինչև 800 միլիոն լարիի (524 միլիոն դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս