ԱԳՆ շենքի աճուրդը՝ մարտին
Արտաքին գործերի նախարարության շենքը աճուրդի կհանվի այս տարվա մարտի առաջին տասնօրյակին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախագահ Արման Սահակյանը:
Նրա խոսքով՝ հայտնի գործարա Էդուարդո Էռնեկյանն ու «Տանգո» ընկերությունը դեռևս ցանկանում են ձեռք բերել շենքը, սակայն, հաշվի առնելով հանրության տեսակետը, որոշում է կայացվել շենքն աճուրդի հանել:
Եթե սահմանված 51 մլն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամից ավելի գնով գնել ցանկացող լինի, ապա շենքը կվաճառվի այդ ցանկացողին: Արման Սահակյանը նաև նշեց, որ վաճառվելու է ամբողջ 2-րդ կառավարական շենքը, որի կազմում մտնում են նաև էներգետիկայի և տարածքային կառավարման նախարարությունների շենքերը:
Արման Սահակյանի խոսքով՝ «Դվին» հյուրանոցը կվերանորոգվի ամենայն հավանականությամբ մինչև 2016-ը: Նրա խոսքով՝ ինքն իր նախորդ ասուլիսների ընթացքում ասել էր, որ այն վերանորոգված կլինի 2014-ին: Աշխատանքներն այս ընթացքում անել չի հաջողվել, քանի որ, ըստ Արման Սահակյանի, նախորդ պայմանագիրը այնքան էլ «պետության օգտին» չէր. «Նոր պայամանագիրն իր մեջ պարունակում է լուրջ տուգանքներ, պայմանագիրը բավական լուրջ է, և կպարտավորեցնի գնորդին վերակառուցումն իրականացնել»:
Արման Սահակյանի խոսքով՝ Ամասիա համայնքը կունենա վերանորոգված մշակութային կենտրոն:
2012-ին պետական գույքի մասնավորեցումից գոյացել է 353 մլն դրամ, օտարումից մուտքերը կազմել են 807 մլն դրամ: Ըստ նրա՝ անցած տարի պետական գույքի վարձակալությունից պետական բյուջե է մուտքագրվել 241 մլն դրամ:
Նախորդ տարվա ընթացքում 10 որոշումներով լուծվել է Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 7 և տեղաբնակ 12 ընտանիքների զբաղեցրած հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման կամ նվիրատվության հարցը: