Վարդան Օսկանյանի որդին ջարդել է քաղաքացու քիթը
Հունվարի 4-ի երեկոյան «Էդեմ» ակումբի դիմաց՝ Թումանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում, Վարդան Օսկանյանի որդին՝ Արման-Մինաս Օսկանյանը, իր երկու ընկերների հետ ծեծի է ենթարկել մի երիտասարդի՝ ջարդելով վերջինիս քիթը:
Տուժածին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել անհայտ անձինք:
Հունվարի 9-ին ոստիկանությունը հայտնաբերել է անհայտ անձանց, հրավիրել ոստիկանություն, որտեղ նրանք բացատրություն են տվել: Պարզվել է, որ տուժող երիտասարդը ծեծի է ենթարկվել հունվարի 4-ին Թումանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում Արման-Մինաս Օսկանյանի և նրա երկու ընկերների կողմից:
Ոստիկանությունում հաստատեցին տեղեկությունը։ Ընթանում է քննություն, այլ մանրամասներ հայտնի չեն: Այս մասին հաղորդում է «Առաջին լրատվականը»:
Նշենք նաև, որ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Լուրեր.com-ի հետ զրույցում տեղեկություններ չհաղորդեց:
Վերջինս, խուսափելով հարցերին պատասխանելուց, մի քանի անգամ խնդրեց զանգահարել ավելի ուշ, իսկ ապա դադարեց պատասխանել զանգերին: