Մեղադրվում է նախագահի կայքի վրա հարձակում գործելու մեջ
Դաշնային անվտանգության ծառայությունը դատարան է փոխանցել Կրասնոյարսկ քաղաքի 30-ամյա բնակչի վերաբերյալ գործի նյութերը, հաղորդում է BBC-ն: Երիտասարդը մեղադրվում է ՌԴ նախագահի կայքի վրա՝ ընդդիմադիրների «Միլիոնների» արշավին օժանդակելու նպատակով, հակերական հարձակում կազմակերպելու համար:
Գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի «Վնասաբեր համակարգչային ծրագիր ստեղծելու, օգտագործելու և տարածելու» հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է մինչև 4 տարի ազատազրկում:
«2012թ. մայիսի 9-ին քաղաքացին կազմակերպել է ՌԴ նախագահի կայքի վրա հակերական հարձակում, որի հետևանքով համացանցային այդ ռեսուրսը մեկուսացվել է» ,- համարում է քննությունը:
Մեղադրյալը չի ընդունում մեղքը: Նա պնդում է, որ ինքը չի իմացել, որ իր կողմից օգտագործված համակարգչային ծրագիրը վնասաբեր է:
Հիշեցնենք, որ «Միլիոնների» արշավը Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում տեղի է ունեցել 2012թ. մայիսի 6-ին,Վլադիմիր Պուտինի երրորդ նախագահական ժամկետի երդմնակալությունից մեկ օր առաջ: Մոսկվայում այդ ակցիան ավարտվեց ցուցարարների և ոստիկանության բախումներով, թեև այդ միջոցառումը համաձայնեցված է եղել Մոսկվայի քաղաքապետարանի հետ:
«Փաստինֆո»