
Գոմեշի մսի գործով կալանավորված Օհանջանյանի առողջական վիճակը վատ է

Հայտնի «գոմեշի մսի» քրեական գործով միակ կալանավորված, Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի առողջական վիճակը վատ է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Օհանջանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Վերջինիս մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են առաջիկայում մամուլի ասուլիս հրավիրել, որտեղ կհրապարակեն Օհանջանյանի դեմ հարուցված քրեական գործի մասին որոշակի մանրամասներ:
Մեր դիտարկմանը, թե երկու ամիս առաջ նույնպես պնդում էիք, թե մտադիր եք գործով մանրամասներ հայտնել, սակայն մինչ օրս որևէ տեղեկատվություն չեք հրապարակվել գործի առնչությամբ, փաստաբանն ասաց, թե ինքը նոր է վերադարձել արտերկրից և մոտակա ժամանակներում կհրավիրի մամուլի ասուլիս:
Հիշեցնենք, որ Ա. Օհանջանյանը գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով` խոշոր չափերով խարդախություն անելու համար: Նշենք նաև, որ քրգործը հարուցվել է բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ: