Պահանջարկի անկման պատճառով Apple-ը կրճատել է iPhone 5-ի արտադրության ծավալը
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ Apple Inc. կորպորացիան որոշել է կրճատել iPhone 5-ի արտադրման ծավալը՝ դրա պահանջարկի անկման պատճառով: Այս մասին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները, որոնք iPhone 5-ի պահանջարկի նվազումը պայմանավորում են Android սարքերի արտադրողների առաջացրած բարձր մրցակցությամբ:
Apple Inc. կորպորացիան գրեթե կրկնակի կրճատել է iPhone 5-ի համար էկրանների պատվերները՝ համեմատած այս տարվա հունվար-մարտ ամիսներին պլանավորածի հետ: Պատվերների կրճատումը վերաբերել է նաև այլ բաղադրատարրերի: Apple-ի այս քայլը ցույց է տալիս, որ iPhone 5-ի պահանջարկն ավելի ցածր է, քան ենթադրվում էր ավելի վաղ:
iPhone 5-ը վաճառքի է հանվել 2012 թվականի սեպտեմբերին, այն վաճառվում է աշխարհի 47 երկրներում: Սակայն Android-սմարթֆոնների նոր մոդելներն իրենց տեխնիկական ցուցանիշներով գերազանցում են iPhone 5-ին: IDC վերլուծական ընկերության տվյալներով 2012 թվականի երրորդ եռամսյակին սմարթֆոնների շուկայում Apple-ի մասնաբաժինը կազմել է 14.6 տոկոս: