Սերժ Սարգսյանը փրկեց մեր զրոյացված իմիջը. Սուրեն Խաչատրյան
168.am-ի հարցին, թե ինչպիսի՞ ընտրություններ կլինեն 2013թ. փետրվարի 18-ին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանեց. «Շատ հոյակապ ընտրություններ են լինելու, որոնք շատ կարևոր են մեր երկրի համար՝ առաջիկա 5 տարիների համար: Ես կուզենայի, որ ամեն հայ մարդ, Հայաստանում ապրող ամեն մարդ գիտակցեր, որ սա իսկապես այն ընտրությունն է, որով անմիջապես որոշելու է իր ընտանիքի, իր երեխայի ճակատագիրը:
Եթե վերցնենք հայ ժողովրդի պատմությունը, ապա հայ ժողովուրդը խնդիր է ունեցել առաջին դեմքի պահվածքով: Եթե առաջին դեմքը հզոր էր, հայրենասեր էր, ժողովուրդն իսկապես հզոր է եղել, մեծ ճանաչում է ունեցել: Իսկ երբ առաջին դեմքերն այդպիսին չեն, ժողովուրդն է տուժել` և՛ կոտորվել են, և՛ բռնաբարվել են, և՛ տարածքներ են տվել, իսկ դա մեր ճակատագիրն է, որից չենք կարող փախչել: Երբ թուլանանք՝ նույն պատկերը կրկնվելու է»:
Ս. Խաչատրյանի խոսքով` Սերժ Սարգսյանին ընտրելով` որոշվում է նաև մեր ճակատագիրը: «Իսկ Սերժ Սարգսյան մարդն այն մեծ մարդն է, որն արդեն 25 տարի ա` անցել է էս թոհուբոհի միջով և մեծ պատասխանատվություն կրած մարդ է` արտաքին քաղաքականության մեջ , և՛ ներքին կայունության, և՛ սահմանների ամրության: Եվ նրա իմաստուն լինելը խոսում է նրա մասին, որ մենք` ի դեմս Սերժ Սարգսյանի, ունենք կայուն, հզոր, անվտանգ պետություն, և Սերժ Սարգսյանի պարագայում չենք կարող ժխտել, որ այս 5 տարիներին Հայաստանի իմիջը բավականին բարձրացել է:
Ընդհուպ, եթե մենք հիշում ենք, դա շատ հեռու չէր. հինգ տարի առաջվա Մարտի 1-ը, որը երևի թե մեր իմիջը զրոյացրեց, բայց շնորհիվ և ի պատիվ Սերժ Սարգսյանի` այդ վիճակից կարողացանք դուրս գալ»,- նշեց մարզպետը: