Բաժիններ՝

Ձեռագիրն ասում է ավելին, քան խոսքերը

Ձեռագրերի վերլուծությամբ զբաղվող գիտությունը կոչվում է ձեռագրաբանություն: Այն թույլ է տալիս անհատի ձեռագրով որոշել նրա խելքը, կամքի ուժը, ինքնագնահատականը, զգացմունքայնությունը և շատ այլ հատկանիշներ: Անձի անհատականությունը ըստ նրա ձեռագրի անսխալ որոշելու համար մեծ փորձ է անհրաժեշտ: Այնուամենայնիվ, տիրապետելով ձեռագրաբանության որոշակի նորմերին` ոչ պրոֆեսիոնալներն էլ  ձեռագրից դատողություններ անելով՝ կարող են հասկանալ, թե ում հետ գործ ունեն:

Եթե դուք չեք կարողացել ըստ արտաքինի որոշել անձի անհատականությունը, ապա խնդրեք նրան մի քանի տող գրել թղթի վրա: Ի դեպ, իսկական ձեռագրաբանները վերլուծության համար օգտագործում են 2 էջ, քանի որ առաջին էջում անձն այնքան բնական չի գրում, որքան դրան հաջորդող էջերում:

Անհատի ձեռագիրը կարող է փոխվել`  կախված իրավիճակի, տրամադրության և այլ արտաքին պայմաններից: Օրինակ, երբ մարդը շատ հուզված է, նա ավելի հաստ է գրում, քան սովորական տրամադրության ժամանակ: Եթե անձն ամեն անգամ տարբեր ձեռագրերով է գրում, դա խոսում է նրա գերզգայուն բնավորության և ստեղծագործական հակումների հետ:

Առաջին հերթին ուշադրության արժանացրեք այն փաստը, թե ինչի՞ վրա է գրված տեքստը: Եթե թղթի վրա կան կեղտաբծեր, թղթի անկյունները ծալված են, և թուղթը տետրից է պոկված, ապա այս նշանները չեն կարող լավ բան ասել տվյալ անհատի մասին: Դրանք վկայում են այն մասին, որ նա անճարակ է, թափթփված և նույնիսկ ագահ:

Կարդացեք նաև

Լուրջ, կազմակերպված և նպատակասեր անձն ավելի շուտ կվերցնի սովորական ֆորմատի մաքուր թուղթ և կծալի ծրարի տեսքով: Եթե նա առատաձեռն է, ապա լայն լուսանցք կթողնի և կգրի խոշոր ձեռագրով` բառերի մեջ թողնելով լայն տարածություն: Սակայն նման ձեռագիրը նաև հակառակ կողմն ունի. նրա տերը կարող է լինել ոչ միայն առատաձեռն, այլև  վատնող:

Նա հիշաչար չէ, նա այնքան շռայլ հոգի ունի, որ կարող է սարեր շուռ տալ ընկերոջ համար, շատ գումար վաստակել, բայց և արագ այդ աշխատածը վատնել: Այստեղ մենք կդիտարկենք այն հիմնական նորմերը, որոնք թույլ են տալիս անձի անհատական բնավորության գծերի մասին կարծիք կազմել:

dzeragirՁեռագրի չափսը խոսում է անձի մարդամոտության մասին: Եթե ձեռագիրը խոշոր է, ապա անձը հեշտ լեզու է գտնում ցանկացած մարդու հետ և ունի բազմաթիվ ընկերներ: Իսկ մանր ձեռագիրը վկայում է այն մասին, որ նա ինքնամփոփ է և գաղտնապահ: Սուր-սուր ձեռագիրը հատուկ է եսասեր մարդկանց, իսկ կլորավունը` բարի և գթասիրտ մարդկանց: Հաստ գրելն ուժեղ կամքի և աշխատասիրության նշանն է, իսկ բարակ գրելը` թույլ կամք ունեցող մարդկանց բնութագիրը:

Բարի, ուժեղ և խելամիտ մարդկանց տառերը կլոր են, ուղիղ և հստակ գծերով, ձեռագիրը թեքված է մի փոքր աջ: Լավատեսների և կենսախինդ մարդկանց մոտ տողավերջը բարձրանում է վերև: Նման մարդիկ հեշտ են ընտելանում  տարբեր միջավայրերին  և շատ հեշտությամբ են շփվում մարդկանց հետ: Համարեք, որ Ձեր բախտը բերել է, եթե Ձեր սիրելիի մոտ նկատվում է հենց այդ երևույթը: Բայց եթե տեքստի ձեռագիրը պարզ չէ, անհավասար ձեռագիր է նկատվում` տառերը մեկ մանր են, մեկ խոշոր, իսկ ուղղվածությունն անընդհատ փոխվում է, ապա վստահ եղեք, որ այդ կենսախինդ մարդու մոտ ամեն օր խնջույքներ են լինում:

Զգուշավոր, մանրախնդիր սկեպտիկները գրում են այնպես, որ տողավերջում պարտադիր իջնում են ներքև: Իսկ եթե նման դեպքում տառերը խոշոր չեն և տողերի միջև կպած չէ, ապա նման մարդիկ ժլատ են, խնայող և նախընտրում են իրենց նկատմամբ ուշադրություն չգրավել:

Եթե շատ մանր, կոկիկ և  կարգավորված ձեռագիրը ոչ միայն գեղեցիկ է, այլև գեղագրորեն է արված, ապա նրա տերն առանձնանում է հիշաչարությամբ և նախանձով. նրանք շատ պահանջկոտ են մտերիմների նկատմամբ, անընդհատ «սղոցում» են շրջապատողներին և միշտ դժգոհ են բոլորից: Եթե նրանք սիրահարված են, ապա հաճախ ամեն ինչ անում են, որպեսզի հասնեն իրենց սիրելիին: Նրանց հետ պետք է զգույշ լինել, քանի որ նրանց վրեժխնդրությունը դրսևորվում է ամենաանկանխատեսելի ձևերով: Նման ձեռագրի տերերը ցուցաբերում են դրական հատկանիշներ այնքան ժամանակ, քանի դեռ դա նրանց շահավետ է: Բայց երբ նրանց մտադրությունները փոխվում են, ապա նրանց արարքներն էլ փոխվում են դեպի վատը:

Համառ և դիմացկուն բնավորություն ունեն այն մարդիկ, ովքեր գրում են շատ ոլորներով և հանգույցներով: Նման մարդիկ ձգտում են ոչ միայն ամուր կառչել գաղափարից, վայրից կամ գործընկերներից, այլև  փորձում են «կապել» դրանց: Զգույշ եղեք նման երկրպագուներից, երբեք հենց այնպես մի սիրատածեք նրանց հետ, քանի որ նրանք ձեզ հեշտությամբ բաց չեն թողնի:

Ակտիվ, մրցակցող և անկախության ձգտող մարդիկ գրում են սուր տառերով: Նրանք սիրառատ են, բայց տան միջավայրի համար չեն, քանի որ փորձում են որևէ մեկի հետ չկապվել: Նրանք սիրում են ազատությունը և միշտ վարվում են այնպես, ինչպես խելքներին փչում է: Եվ եթե փորձում եք նման մեկի հետ Ձեր կյանքը կապել, մի զարմացեք, որ կարճ ժամանակ անց նա թռչի միայն իրեն հայտնի ուղղությամբ, և նրա հետքը կորցնեք:

Իսկ ահա չքնաղ վարվելակերպով, դիվային գրավչությամբ, շփվող և պատրաստակամ տղամարդիկ գրում են բավականին խոշոր ձեռագրով, կեռ գծերով և պարզ արտահայտված կետադրական նշաններով: Այս կնամոլները կարողանում են կախարդել, իրենց «զոհերին» այնպիսի ցանցը նետել, որից շատ դժվար է դուրս գալը: Նրանք բավականին շնորհալի և արտիստիկ մարդիկ են: Նրանք շատ հոյակապ վերլուծություն են կատարում և միշտ իրենց մտքերը շատ հետաքրքիր ձևով են արտահայտում: Բայց ամենից շատ այս կյանքում նրանք սիրում են հենց իրենց: Ուստի կնոջից նրանք պահանջում են չափից դուրս ուշադրություն իրենց նկատմամբ և հիացմունք: Նրանց պետք է միշտ ցույց տալ մեծ հիացմունքդ և սերդ: Զգայուն մարդիկ գրում են թույլ արտահայտված տառերով: Նրանց վրա ճնշում է գործադրում  այն ամենը, ինչ կատարվում է շրջապատում:

Եթե տառերը գրված են անցյալ դարի ոճով, ապա ձեր առջև իդեալին ձգտող, երազող և ռոմանտիկ մարդ է կանգնած: Սակայն նման մարդկանց հետ դժվար է այն իրավիճակների ժամանակ, որոնց դեպքում անհրաժեշտ է շփում և համառություն: Իսկ մտերմիկ հարաբերությունների ժամանակ նրանք ամաչկոտ են և անվճռական: Նման մարդկանց զուգընկերը պետք է նախաձեռնությունն իր ձեռքի վրա վերցնի, բայց շատ նուրբ ձևով, որպեսզի ավելի շատ շփոթմունք չառաջանա դիմացինի մոտ: Հաճախ հանդիպում ենք նաև «մանկական» ձեռագրերի, և դրանց տերերն իրենց դրսևորում են հենց նման եղանակով: Ահա և նման իմացությամբ կարելի է որոշ չափով ճանաչել ձեռագրի տիրոջը:

Պատրաստեց Շողեր Գալստյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս