
Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել բեռնատարների տեղաշարժի շուրջ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր նախարարությունը դեռ առաջնային դեր չի խաղում Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վերականգնման հարցում:
Նա հավելել է, որ տվյալ հարցով ներկա պահին զբաղվում են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը. «Միակ բանը, որ մեր նախարարությանը հաջողվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, դա երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև ցամաքային տրանսպորտային միջոցների տեղաշարժի թույլտվությունն է:
Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ վրացի բեռնափոխադրողները չունեն ռուսական այցագիր, ինչի պատճառով էլ վրացական ընկերությունները ստիպված են լինում վարձել այնպիսի վարորդների, որոնք ունեն ռուսական վիզաներ»: