Իրակլի Օկրուաշվիլին գրավի դիմաց ազատ է արձակվել դատարանի դահլիճից
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին դատարանի որոշմամբ ազատ է արձակվել դատարանի դահլիճից՝ 15.000 լարի գրավի դիմաց:
Դատախազը դա պայմանավորել է նրանով, որ բոլոր վկանները հարցաքննվել են և վտանգ չկա, որ Օկրուաշվիլին կարող է ներգործել նրանց վրա: Բացի այդ, Օկրուաշվիլին ինքն է վերադարձել հայրենիք և կանգնել դատարանի առջև: Դրա համար էլ Վրաստանի գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատից առաջ նրան գրավի դիմաց ազատ արձակելու համար:
Այդ դատական գործն առնչվում է Օկրուաշվիլիի կողմից Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակաշրջանին: Մեղադրող կողմն Օկրուաշվիլիին մեղադրում է 2006 թվականին 63 միլիոն անորակ փամփուշտ գնելու մեջ: 2008 թվականին Օկրուաշվիլին Վրաստանի նախկին իշխանությունների կողմից հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ ծառայողական անփութության, ծառայողական լիազորությունների չարաշահման և կաշառակերության համար:
2008 թվականի ապրիլին նա քաղաքական ապաստան է ստանում Ֆրանսիայում, իսկ 2011 թվականին հեռակա կարգով մեղադրվում է հայրենիքում հանցավոր խմբերի կազմակերպման մեջ: Օկրուաշվիլին Վրաստան է վերադարձել 2012 թվականի նոյեմբերի 20-ին և անմիջապես ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում: Դրանից հետո ընթացող դատական գործընթացի ժամանակ նրա վրայից հանվել է 3 մեղադրանք:
Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն Օկրուաշվիլիին դատարանի դահլիճից ազատ արձակելը պայմանավորում է նրա և Վրաստանի նոր իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ: