Արթուր Բաղդասարյանը` Քոչարյանի մասին. «Գնահատում եմ մեր անցած ճանապարհը, հիշաչարություն չկա»

aravot.am-ի փոխանցմամբ, այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հրավիրած ասուլիսում՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի հետ իր տարաձայնությունների մասին` ասել է, թե ամեն մի քաղաքական գործիչ ունի իրավունք` վերադառնալու ակտիվ քաղաքականություն, այդ թվում և երկրորդ նախագահը: Վերջնական որոշումն իրենն է. «Ինքը որպես առաջնորդ` կարող է իր որոշումները կայացնել` իհարկե, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների հաշվառմամբ»:

Հարցին` Դուք նշեցիք երկրորդ նախագահի հետ Ձեր տարաձայնությունների մասին, համագումարին էլ Ձեր վերաբերմունքը հայտնեցիք, այնուամենայնիվ, Դուք հենց երկրորդ նախագահի օրոք զբաղեցրել եք ՀՀ-ի ըստ էության 2-րդ քաղաքական պաշտոնը, կարո՞ղ ենք արձանագրել, որ, այնուամենայնիվ, դա եղել է Ձեր քաղաքական կարիերայի գագաթնակետը` նա պատասխանել է. «Ես այսօր էլ 4-րդ քաղաքական պաշտոնյան եմ՝ համաձայն ՀՀ օրենքի: Այն, ինչ տեղի է ունեցել ժամանակին Ռոբերտ Քոչարյանի հետ, ես գնահատում եմ մեր անցած ճանապարհը: Հիշաչարությունը որպես քաղաքական կատեգորեա, իրականության մեջ չի կիրառվում: ՕԵԿ-ի նկատմամբ այն ճնշումները, որ կիրառվեցին, մարդիկ որ հեռացան ՕԵԿ-ից դեռեւս 10 տարի առաջ, բայց ես ոչ մեկից չեմ նեղացել: Այդ մարդկանց հետ բազմաթիվ անգամ աղ ու հաց ենք կիսել, այսօր էլ հանդիպում ենք, խոսում ենք: Չպետք է չարություն լինի: Պետք է լինի բարություն եւ հանդուրժողականություն: Քաղաքական գնահատականները ես չեմ ուզում անձնավորել: Իմ քաղաքական ելույթում արտահայտել եմ քաղաքական մոտեցում, որը անձնական հարաբերությունների հետ կապ չունի: Իսկ իմ քաղաքական կարիերան նորմալ հունի մեջ է: Ես այս տարի կդառնամ 45 տարեկան, 68 չեմ»:

Ինչպես հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդն իր որոշումը կայացրել է` չառաջադրվել ՀՀ նախագահ` Ձեր կոալիցիոն գործընկերոջ հետ հանդիպումից հետո: Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները հետաքրքրվել են ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանից, թե որպես կոալիցիոն գործընկեր` տեղյա՞կ է այդ հանդիպման մանրամասներից, ինչից են զրուցել: Ի պատասխան, նա ասել է. «Իհարկե, ես ամեն ինչից էլ տեղյակ եմ: Բայց հիմա այդ զրույցները հրապարակելը տեղին չեմ համարում: Դրանք սովորական աշխատանքային, քաղաքական հանդիպումներ են եղել: Այդ հանդիպումների մասին եղել է համապատասխան տեղեկատվություն, եւ ԲՀԿ-ն ու նրա ղեկավարը ընդունել են այդ որոշումը: Դրան մենք վերաբերվում ենք ըմբռնումով»:

Հարցին` Ձեզ համար անակնկա՞լ էր այդ որոշումը` Արթուր Բաղդասարյանը պատասխանել է. «Անակնկալ չէր կարող լինել ոչ միայն ինձ համար, այլև շատերի համար, որովհետև հնարավոր երկու որոշում կար` մասնակցել կամ չմասնակցել: Անակնկալն այն է, որ հանկարծ մի որոշում է ընդունվում, որ, ասենք, բոլորի համար արտառոց է: Բայց քանի որ հնարավոր սցենարներից ընտրվեց մեկը, ինձ համար կոնկրետ անակնկալ չէր»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս