
Ֆիննախը տեղի տվեց. Տեխզննման կտրոնի համար լրացուցիչ գումար մուծել պետք չի լինի

ՀՀ ֆինանսների նախարարությունը, ընդառաջ գնալով այն քաղաքացիներին, ովքեր 2012թ վերջին չեն կարողացել ձեռք բերել 2013թ տեխնիկական զննման կտրոններ, նախատեսում է տրամադրել անհրաժեշտ քանակությամբ տեխզննման կտրոններ: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը։
Տեխզննման կտրոնները քաղաքացիները կարող են ձեռք բերել ս.թ. հունվարի 21-ից 31-ը ընկած ժամանակահատվածում` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում 2012թ գույքահարկի զրոյական անդորրագիրը:
Տեխզննման կտրոնները կտրամադրվեն ՎՏԲ Հայաստան բանկի միջոցով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս Հայաստանի տարածքում ամենաշատ մասնաճյուղեր ունեցող բանկն է, ինչպես նաև կարևորելով այս պահին աշխատանքներն առավել օպերատիվ և կանոնակարգված կազմակերպելու անհրաժեշտությունը:
Մինչ այդ ժամանակահատվածը` հունվարի 31-ը, համաձայն Ճանապարհային ոստիկանության հետ ձեռք բերված համաձայնության, 2013թ տեխզննման կտրոններ չունեցող քաղաքացիների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվի, եթե վերջիններս ներկայացնեն 2012թ. գույքահարկի զրոյական անդորրագիրը: