«Մեր ներկայացրած թվերը քննարկման ենթակա չեն». Երվանդ Զախարյան

Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները պահպանվել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: Ըստ նրա`Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի շուկայան գինը  2011-ին  1քմ-ն  մոտավորապես 257.400 դրամ էր, իսկ 2012-ին՝ 257.300 դրամ:

«Սա նշանակում է, որ նվազումը եղել է մոտ 100 դրամի սահմաններում, մոտավորապես պահպանվել է այն մակարդակը, ինչ 2011-ին էր: Անհատական բնակելի տների շուկայական միջին գները հաշվարկած 1քմ շինության  մակերեսով, ներառյալ՝ նաև տնամերձ հողի միավոր գինը 2011-ի 274.000 դրամի դիմաց 2012-ին 275.000 դրամ է եղել: Մոտավորապես 1100  դրամի աճ: Մարզերում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները միջինը  1քմհաշվարկով 2011-ի 79.300-ի դիմաց՝ 2012-ին եղել է 82.100 դրամ, այսինքն`մոտավորապես 3,5 տոկոս աճ է եղել: Անհատական բնակելի տների շուկայական միջին գները  1քմշինության համար, ներառյալ տնամերձ հողի գինը, 2011-ին մարզերում եղել է 86.100 դրամ, իսկ 2012-ին`86.700 դրամ: Այստեղ աճը եղել է մոտավորապես 0,7 տոկոս»,- ասաց Երվանդ Զախարյանը:

Երվանդ Զախարյանի խոսքով` 2008-ի հետ համեմատած՝ անշարժ գույքի շուկայում արձանագրվել է 10-15 տոկոս նվազում. նվազումը նկատվել է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում. «Համեմատած մյուս երկրների հետ՝ Հայաստանում վիճակը բավական բարվոք է»:

Հարցին`ինչո՞վ է պայմանավորված գնահատող կազմակերպությունների և շուկայի վերլուծության միջին գների միջև եղած տարբերությունները, Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ  գնահատող կազմակերպությունները երբեմն շտապում են և վերցում տեղական տվյալները. «Մեր ներկայացրած թվերը քննարկման ենթակա չեն, որովհետև բոլոր տվյալները մեզ մոտ են, և լուրջ մեթոդոլոգիա կա: Մենք շահագրգիռ կողմ չենք: մենք ցույց ենք տալիս այն, ինչ կա: Դուք ընդունե՛ք մեր թվերը»:

Երվանդ Զախարյանի գնահատմամբ`2013-ին անշարժ գույքի շուկայում գների որոշակի կայունացում կլինի, իսկ տարվա վերջում`հավանաբար գների  աճ կգրանցվի:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խոսքով`սիրիահայերի ներգաղթի հետ կապված անշարժ գույքի վարձակալական տարածքներն են ավելացել: Նրանց ներգաղթը առքուվաճառքի գների վրա որոշակի ազդեցություն չի ունեցել:

Երվանդ Զախարյանը նաև ասաց, որ օտարերկրյա քաղաքացիների`Հայաստանում ձեռք բերված գույքերը մտահոգիչ ծավալների չեն հասնում:

Տեսանյութեր

Լրահոս