Բաժիններ՝

Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը տեղի է ունենալու հունվարի վերջին Ստամբուլում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և այդ հարցում միջազգային միջնորդ խումբ հանդիսացող «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը տեղի է ունենալու հունվարի վերջին, Ստամբուլում: Այս մասին գործակալությանը հայտնել է իրազեկված աղբյուրը:

Վերջինիս խոսքերով՝ դեռ որոշված չէ այդ հանդիպման ստույգ ժամկետը: Սրանից առաջ էլ ամերիկյան Washington Post թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ունեցած իր աղբյուրները, հայտնել էր, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հերթական փուլը կարող է անցկացվել 2013 թվականի հունվարին:

2012 թվականին Իրանի ու «Վեցյակի» միջև անցկացվել է բանակցային երեք փուլ. ապրիլի 14-ին՝ Ստամբուլում, մայիսի 23-24-ին՝ Բաղդադում, հունիսի 18-19-ին՝ Մոսկվայում: Իսկ մինչ այդ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցություններ չէին անցկացվել ավելի քան մեկ տարի:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Իրանը կտրականապես հրաժարվել էր «Վեցյակի» հետ բանակցություններն անցկացնել եվրոպական երկրներում՝ դա պատճառաբանելով իր նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս