Հովիկ Աբրահամյանը կվերադարձնի՞ Նոնոյին արգելոց

Համաձայն շրջանառվող լուրերի` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախագահական ընտրություններից հետո խոստացել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնը «տալ»  իրեն և եղբորը` Ջոնիկ Աբրահամյանին, պարբերաբար որսամիս մատակարարող Գաբրիել Պողոսյանին (ով հայտնի է Նոնո մականվամբ):

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին տեղի էր ունեցել արգելոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ, որին նախապես գրանցված երեք մասնակիցներից ներկա էր միայն մեկը` Արտաշատի ավագանու անդամ Գաբրիել Պողոսյանը: Այդ ժամանակ Youtube-ում տարածվեց տնօրենի պաշտոնի համար մրցույթի տեսագրությունը, որտեղ Գ. Պողոսյանը՝ Նոնոն, նույնիսկ չէր կարողանում օգտվել իր ձեռքի տակ եղած թղթերից` սահմանելու համար, թե ի՞նչ է «էկոհամակարգը»:

«Էկոհամակարգը կենդանիների, բույսերի……ըըըըըը….»,- կմկմում էր Գ. Պողոսյանը: Վերջինս տեսանյութում նաև ասել է, որ ինքն ավարտել է «Ռոստովի համալսարանի ինստիտուտը»:

168.am-ը այսօր փորձեց որոշ տեղեկություններ ճշտել Գ. Պողոսյանից: Մասնավորապես՝ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում տնօրենի պաշտոնում իր չընտրվելու հանգամանքը և վերադարձի հավանականությունը:

Կարդացեք նաև

– Դե, գործերս շատ են, չեմ հասցնի: Ես դիմում եմ գրել, ազատվել եմ:

– Իսկ ե՞րբ եք գրել դիմումը:

– Չեմ կարող ասել, բայց երևի ահագին ժամանակ ա: Տոչնի օրը չեմ կարող ասել:

– Իսկ չէ՞ որ Դուք հայտարարված մրցույթին միակ ներկա թեկնածուն էիք:

– Այո:

– Իսկ ինչո՞ւ հրաժարվեցիք: Այդ ժամանակ Ձեր գործերը շատ չէի՞ն:

– Շատ էին, ուղղակի իմ ընդհանուր աշխատանքի մեջ չէի կարող: Անտառը դժվար ա շատ:  Ժամանակ չունեմ, մի քիչ էլ առողջական խնդիրներ ունեմ:

– Հիմա որտե՞ղ եք աշխատում:

– Առայժմ հանգստանում եմ:

– Մրցույթի ժամանակ հնչեցված Ձեր պատասխանները բուռն քննարկումների տեղիք տվեցին: Օրինակ, եթե Դուք նույնիսկ չեք կարող սահմանել, թե ի՞նչ է  էկոհամակարգը, ապա ինչպե՞ս կարող եք դառնալ արգելոցի տնօրեն: Այդ մասին նույնիսկ տեսանյութ կա:

– Ո՞վ ա ասում: Ես 85տոկոս ձայն եմ հավաքել: Ուղղակի ես կամավոր դիմում գրեցի, ազատվեցի:

– Պարոն Պողոսյան, իսկ հնարավո՞ր է, որ նախագահական ընտրություններից հետո նշանակվեք այդ պաշտոնում: Ըստ խոսակցությունների`ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել է Ձեզ տալ այդ պաշտոնը`հաշվի առնելով, որ Դուք մտերիմներ եք:

– Էդ բոլորը սուտ բաներ են:

– Այսինքն` Հովիկ Աբրահամյանի հետ ընկերներ չե՞ք:

– Ո՛չ, ո՛չ:

– Այսինքն` Ձեզ ոչ մի պաշտոն չե՞ն տալու:

– Ոչ, ես ոչ մի պաշտոն չեմ ուզում, ես աշխատանք ունեմ ինձ համար, բիզնեսով եմ զբաղվում: Շատ շնորհակալ եմ:

– Բայց քիչ առաջ ասում էիք, թե չեք աշխատում:

– Ես բիզնես ունեմ:

– Իսկ ի՞նչ բիզնես է:

– Լավ, շատ հարց տվեցիք: Հերիք ա:

Տեսանյութեր

Լրահոս