2012-ին մենք կարողացանք արձանագրել լուրջ հաջողություններ. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2013 թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Այսօր 2013 թվականի մեր առաջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել Նոր տարվա և Սուրբ ծնունդի տոների կապակցությամբ։ 2012 թվականը մեզ համար լարված աշխատանքի տարի էր, բայց մենք կարողացանք արձանագրել լուրջ հաջողություններ։ Եթե դատենք այն առաջնահերթություններով, որ դուք ներկայացրել եք և որոնք պետք է այսօր մեր օրակարգային հարցերից մեկում քննարկենք, 2013 թվականին մեզ նույնպես լարված աշխատանք է սպասվում։ Անհրաժեշտ է, որ մենք լինենք լավատես և լավատեսությամբ նայենք դեպի ապագան, մանավանդ որ դրա համար 2012 թվականին լուրջ հիմքեր ենք ստեղծել։ Առաջին հերթին այդ են վկայում 2012-ին հրապարակված միջազգային վարկանիշները՝ բիզնես միջավայրի բարելավումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նույնպես արձանագրված լուրջ առաջընթացը։
Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել «Հերիթեյջ Ֆաունդեյշըն»-ի և «Ուոլ սթրիթ ջուրնալ»-ի կողմից հրապարակվող տնտեսական ազատության ինդեքսի արդյունքները։ Այս բնագավառում ևս մենք առաջընթաց ենք արձանագրել՝ բարելավել ենք մեր դիրքերը, ինչը նույնպես մեզ համար լավատեսության հիմքեր է ստեղծում, որ 2013 թվականին կկարողանաք մեր բարեփոխումներն առաջ տանել։ Սա նույնպես կարևորագույն ինդեքսներից է, որը գտնվում է ներդրողների ուշադրության կենտրոնում և, բնականաբար, այս ինդեքսի անունը մեզ համար նույնպես ունենալու է էական նշանակություն»։
ՀՀ կառավարությունը հաստատել է կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները, կառավարության գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները։

Տեսանյութեր

Լրահոս