Այո´, ինքնորոշված Հայաստան, անկախ Հայաստան, հետո՞. «Ժառանգության» պատասխանը Հայրիկյանին

Այսօր մամլո ասուլիսում ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ արձագանքելով «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հայտարարությանը, ասաց.

« Իմ սիրելի «մրցակիցներից» մեկը մի սխալ թույլ տվեց. չի կարելի ձգտել իրականություն դարձնելու КГБ-ի երազը: КГБ-ի երազն է եղել, որ Հայրիկյանի Հայաստան չլինի, և КГБ-ն դրա համար ինձ նույնիսկ Եթովպիա է քշել, ու հանկարծ այսօր հայտնվում է մի մարդ` իմ բարեկամ, ընկեր, ով ասում է` «Հայաստանը պիտի դարձնենք իմ և մյուսի Հայաստանների պայքար»: Հայաստանը մեկն է, և Հայաստանի ներսում պայքարողները պայքարում է նրա համար, որ այդ մեկ Հայաստանը լինի իսկապես կայացած ու հզոր: Բայց առանց Հայրիկյանի Հայաստան պատկերացնել կամեցողները, նշանակում է, ուզում են, որ Հայաստանում այն հիմնական ուժը, որը խոսում է ազգի ինքնորոշման իրավունքի մասին, արտամղվի՞, և Հայաստանը դառնա սերժորոշմա՞ն երկիր, թե՞ րաֆֆիորոշման երկիր»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը, 168.am-ի հետ զրույցում՝ իր հերթին պատասխանելով Պարույր Հայրիկյանի այս հայտարարությանը, ասաց.

«Պարոն Հայրիկյանը, ակնհայտորեն, ոչ թե պիտի նման ցավագին ռեակցիա տար այդ հայտարարությանը, այլ պիտի ներկայացներ, թե ո՞րն է իր Հայաստանը, բացի ընդհանրական ինչ-որ ձևակերպումներից: Հետևաբար` ինքն ուղղակի պետք է տար Հայրիկյանի Հայաստանի նկարագիրը: Պետք է մի բան հասկանալ, որ դրա ընտրություն կատարողը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանն են, այլ ժողովուրդն է»:

Կարդացեք նաև

Իսկ ի պատասխան մեր դիտարկմանը, թե, ըստ Պարույր Հայրիկյանի, իր պատկերացրած Հայաստանը պետք է լինի «ինքնորոշված հայերի մշտապես ինքնորոշված երկիր», Ս. Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Գիտեք, եթե մարդիկ չեն հասկանում, թե դրա տակ ինչ է հասկացվում, եթե Պարույր Հայրիկյանն ինքը չի բացում, այդ դեպքում թող չնեղվի, թե ինչո՞ւ որևէ մեկը Հայրիկյանի Հայաստանի մասին չի խոսում»:

«Մենք հասկանում ենք` ինչ բան է ինքնորոշված Հայաստան, բայց երբ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի Հայաստաններ, մենք բոլորս հրաշալի գիտենք, թե ինչի մասին է խոսքը, որովհետև մենք գիտենք կոնկրետ խնդիրների վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի դիրքորոշումների ակնհայտ տարբերությունները»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակիցը:

Ս.Սաֆարյանն նաև ավելացրեց, որ, որպես ՀՀ քաղաքացի, չգիտի Պարույր Հայրիկյանի դիրքորոշումները գրեթե բոլոր խնդիրներում.

«Ես գիտեմ ընտրական համակարգում նրա մի մոտեցման մասին: Այո´, ինքնորոշված Հայաստան, անկախ Հայաստան, հետո՞: Հետո ի՞նչ, ո՞նց ենք ապրելու այդ Հայաստանում, ի՞նչ ենք ունենալու այդ Հայաստանում»:

Տեսանյութեր

Լրահոս