Լինելու է Սերժի և Րաֆֆիի Հայաստանների պայքարը. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

«Փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղի ունենա ընտրական հեղափոխություն, որի միջոցով Հայաստանի ժողովուրդը ջարդելու է իշխանական, հարկային մաքսային, ուժային այդ համակարգը, որը 20 տարի իշխում է Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսացկության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես անխտիր հարգում եմ այս նախագահական ընտրությունների բոլոր մասնակցներին և հատկապես Հայրիկյանին և Բագրատյանին, ովքեր կանգնել են մեր պետականության ակունքներում,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը,- Ամենահեշտը տանը նստելն է, բայց իրենք որոշեցին մասնակցել, և իրենց արժանի մրցակից կլինեն թե´ գործող նախագահ Սարգսյանի, թե´ ինձ համար»:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր խղճի մտոք մասնակցի այս ընտրություններին, որովհետև «կեղծ է այն կատեգորիան, որը հիմա տարածում է գտնում, թե այս ընտրությունները կանխորոշված են»:

«Դա  կեղծ, սուտ կատեգորիա է, որը կապ չունի ճշմարտության և ՀՀ քաղաքացու իրավունքի հետ:Ով մինչև փետրվարի 18-ը և այդ օրը տանը մնա, կամա թե ակամա մասնակցում է քաղաքական, քաղաքացիական հնազանդության հաղթարշավին և ինքը ուզում է չմասնակցելով ապահովել այս իշխանության վերարտադրումը»,- հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը:

Կարդացեք նաև

Ելնելով սրանից` Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց բոլորին` քաղաքացիներին, ակտիվիստներին, կուսակցություններին` ՀԱԿ-ին, Դաշնակցությանը, «Բարգավաճ Հայաստանին» և «նույնիսկ Հանրապետականին», մասնակցել այս ընտրություններին:

«Նաև հորդորում եմ պարոն Սարգսյանին` գործող նախագահին, որ նա լրջագույնս վերաբերվի այն նամակին, որը երկու անգամ ուղարկել եմ իրեն: Այդ նամակն ուղղակի ամփոփում է այն կետերը, որն այս 10 օրերի ընթացքում պետք է լուծվեն, որպեսզի մենք ունենանք իր ցանկացած, իմ ցանկացած, մեր բոլորի համար երանելի ազատ, արդար ընտրությունները»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը,-«Սա լինելու է պայքար երկու Հայաստանների միջև` գործող` դե ֆակտո Հայաստանի և ապագա` դե յուրե Հայաստանի միջև, և ոչ մի բան կանխորոշված չէ: Դա լինելու է Սերժի և Րաֆֆիի Հայաստանների պայքարը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս