
Վաշինգտոնում քննարկվել է նախագահական ընտրություններից առաջ Ադրբեջանում տիրող իրավիճակը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը երեկ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բրնսի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները և տարածաշրջանային քաղաքականությունը:
Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտում եղած աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է Ադրբեջանում տիրող իրավիճակը՝ առաջիկա նախագահական ընտրությունների ֆոնին: Քննարկումների մանրամասները չեն հրապարակվում, սակայն փորձագետները քաջածանոթ են Պետդեպարտամենտի աշխատանքային ոճին և ընդգծում են, որ սովորաբար այդպիսի հանդիպումներում քննարկվում է ոչ միայն երկրում ու տարածաշրջանում տիրող իրավիճակը, այլև՝ ԱՄՆ-ի հետագա քայլերն այդ երկրում:
Ինչ վերաբերում է Ռիչարդ Մորնինգսթարի նախկին պաշտոնին, ապա ներկայումս Կասպյան տարածաշրջանում էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցչի գործառույթները կատարում է Կառլոս Պասկուալը, ով հանդիսանում է միջազգային էներգետիկայի հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ բանագնացը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013 թվականի հոկտեմբերի 16-ին: